ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ

30.12.2024

Սիրելի՛ հայրենակիցներ,

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ջերմորեն շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Ամփոփելով 2024 թվականին գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում արձանագված ձեռքբերումները՝ մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում մեր պետության ակադեմիական և գիտական համայնքների  բոլոր ներկայացուցիչներին՝ ոլորտի կայուն զարգացմանն ու առաջընթացին ուղղված իրենց անձնական ներդրման համար:

Մենք խորապես համոզված ենք, որ առանց ձեզնից յուրաքանչյուրի անհատական ջանքերի և պատրաստակամության, հնարավոր չէր լինի ապահովել ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների արդյունավետությունը և կայունությունը:

Մեր հերթին, մենք պարտավորվում ենք ոչ միայն գալիք 2025 թվականին, այլ նաև հետագա տարիներին անել առավելագույնը՝ հանրապետությունում լավագույն պայմաններն ապահովելու բոլոր այն անձանց համար, որոնք ընտրել են նոր գիտելիքի ստեղծման և փոխանցման ուղին:

Մեր տեսլականով՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ գիտության և կրթության նվաճումները նպաստում են պետականության  առաջընթացին և բարօրությանը՝ համախմբելով թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Սփյուռքի  և օտարերկրյա լավագույն մասնագետների ներուժը:

Անցնող տարին վերահաստատեց ՀՀ Կառավարության հանձնառությունը՝ Հայաստանի Հանրապետության գիտելիքահենք և ստեղծագործական ներուժը զարգացնելու ուղղությամբ, որի մասին վկայում են նաև տարեվերջյան ամփոփիչ ցուցանիշները: Եվ այսպես,

  • գիտության ֆինանսավորումը հասավ 40 միլիարդ դրամի՝ 4 միլիարդով գերազանցելով 2023 թվականի ցուցանիշները։
  • Իրականացվել են հանրապետության գիտական կենտրոնները գերժամանակակից արժեքավոր սարքերով և սարքավորումներով վերազինման ծրագրեր՝ հատկացված ընդհանուր 8,6 միլիարդ դրամի շրջանակներում։
  • Ատեստավորված գիտական և ճարտարագիտական կադրերի աշխատավարձը շարունակել է աստիճանաբար աճել՝ 2021 թվականի ցուցանիշները գերազանցելով 78%-ից մինչև 267%-ով։
  • Կազմակերպվել է 22 մրցույթ, որոնց շրջանակներում ֆինանսավորվել է 321 ծրագիր, ներառյալ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրեր և առաջին անգամ միջազգային առաջատար ամսագրերում գիտական հրապարակումների համար հատկացվող ֆինանսական աջակցություն։

Այս տարի ավարտվել է նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի գլխավոր հատակագծի հայեցակարգի մշակումը, և ծրագիրը մտել է բովանդակային փուլ, որի շրջանակներում ստորագրվել են համաձայնագրեր աշխարհի առաջատար համալսարանների և կազմակերպությունների հետ՝ խոշորացման գործընթացին առնչվող բովանդակային աշխատանքների իրականացման և գիտական ու ակադեմիական կազմի վերապատրաստման ծրագրերի մշակման և իրականացման համար:

Մաղթում ենք, որ նոր տարին մեր ակադեմիական և գիտական համայնքին բերի նոր նվաճումներ և հաջողություններ՝ հօգուտ մեր հանրապետության և յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցության։

ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե