Փոխանակման ծրագրեր` Քենդլի հետ համագործակցության շրջանակներում
Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում կազմակերպվել էր ընդունելություն Համբուրգի համալսարանից և Դեզի կենտրոնից ժամանած գիտնականների խմբի համար: Այցելության հիմնական նպատակն էր ներկայացնել Քենդլ ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում նոր կրթական փոխանակման ծրագիրը:
Ծրագիրը նպատակ ունի խթանել կրթություն-գիտություն կապը և իրականացվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ու Համբուրգի կրթության նախարարության աջակցությամբ:
Համբուրգի համալսարանից պրոֆեսոր Յորգ Ռոսբախը նշեց, որ ծրագրի իրականացման համար Քենդլ ինստիտուտին որպես գործընկեր ընտրելու պատճառը ինստիտուտի նպաստավոր ենթակառուցվածքն ու ինստիտուտում առկա գիտական ներուժն է, ինչպես նաև Քենդլ ինստիտուտում արդեն իսկ իրականացված հայ-գերմանական համատեղ հաջողված ծրագրերի փորձը:
Պատվիրակության կազմում էր նաև Ռոդ էնդ Շվարց միջազգային կազմակերպությունից Ալեքսանդր Բերեժնևը, որը ներկայացրեց Հայաստանում գիտություն-արտադրություն կապը խթանելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում կրթական լաբորատորիաներ հիմնելու կազմակերպության հետաքրքրվածությունը:
Կոմիտեի ներկայացուցիչները ևս, կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի գլխավորությամբ, բարձր գնահատեցին Քենդլ ինստիտուտում երիտասարդներին աջակցելու ծրագրերը, ներկայացրեցին նաև Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազոր մարմինների հետաքրքրվածությունն այդօրինակ ծրագրերի աջակցմանը և պատրաստակամություն հայտնեցին աջակցել ծրագրի կազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև կազմակերպել հանդիպումներ այլ պետական մարմինների և գիտակրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: