Մշտադիտարկման այց՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան
Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) դրամաշնորհային ծրագրերի մեկշաբաթյա մոնիտորինգային այցերի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Կարեն Ղարիբյանը և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ներկայացուցիչները եղել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, որտեղ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ագրարային ճարտարագիտության գերազանցության կենտրոն:
Աշխատանքային խումբը շրջել է գերազանցության կենտրոնի համար հատկացված տարածքում, որտեղ տեղակայվելու են գյուղատնտեսական ռոբոտների (ագրոբոտերի) մշակման և նախագծման լաբորատորիա՝ AgrobotLAB, ծրագրավորման լաբորատորիա՝ ITLab, նոր ուսումնական լսարաններ և աշխատասենյակներ: Բուհի ներկայացուցիչների հավաստմամբ՝ կենտրոնի շինարարական աշխատանքները կավարտվեն մինչև ծրագրի ընթացիկ փուլի ավարտը, որից հետո կենտրոնը կհագեցվի նաև լաբորատոր գույքով։
Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ՝ արդի պահանջներին համապատասխանող գերազանցության կենտրոնը խթան կհանդիսանա այս ոլորտի կրթական և գիտական գործընթացների բարեփոխման և արդիականացման համար, կնպաստի ոլորտի մրցունակ մասնագետների պատրաստմանն ու բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը:
«Կենտրոնի ստեղծումը կնպաստի ապագա ճարտարագետների կարողությունների ձևավորմանը միտված հետազոտահենք կրթության իրականացմանը: Դա քայլ առաջ կլինի դեպի ուսանողի տեսական գիտելիքների գործնական ամրապնդումը, կրթա-հետազոտական մակարդակի բարելավումը, դեպի ուսանողակենտրոն միջավայրի ստեղծումը, ինչպես նաև խթան կհանդիսանա դասավանդման նոր մեթոդների ներդրման, ուսանողի մասնագիտական հետաքրքրությունների դրսևորման առումով»,-հավելեց ծրագրի ղեկավարը:
Լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով ծրագրի շրջանակում իրականացվել է այց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մագդեբուրգ քաղաք՝ Օտտո ֆոն Գերիկեի համալսարանի կազմակերպած մեխատրոնիկայի վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու և Ֆուլդայի կիրառական գիտությունների համալսարանի մեխատրոնիկայի լաբորատորիաներին ծանոթանալու նպատակով։
Դրամաշնորհային ծրագրի ղեկավարի հավաստմամբ՝ ծրագրի շրջանակում «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը» (ԱՏՁՄ) աջակցում է ՀԱԱՀ-ին՝ զարգացնելու գյուղատնտեսական ռոբոտաշինության և մեխատրոնիկայի ոլորտը։ «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը» (FAST) աջակցում է կրթական ու ձեռնարկատիրական ծրագրերի կազմակերպման շրջանակում, որը հնարավորություն կտա լաբորատորիայի շահառուներին մշակել և ներկայացնել նորարարական գաղափարներ, ստեղծել ստարտափներ և փորձել իրենց գաղափարներն առևտրայնացնել։
«Ինստիգեյթ ռոբոտիքս» ընկերությունն իրականացնում է խորհրդատվություն ռոբոտատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ-ների) նախագծման, տեղեկատվական և գիտատեխնիկական տեխնոլոգիաների, արդյունաբերական ռոբոտների, ղեկավարման համակարգերի մշակման վերաբերյալ, ինչպես նաև աջակցում է ծրագրի շրջանակում ստեղծվող և ներդրվող «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» նոր ՄԿԾ-ի մշակման գործընթացին:
Բուհի ներկայացուցչների հավաստմամբ՝ գերազանցության կենտրոնում հետագայում կստեղծվեն նախադրյալներ գյուղատնտեսական ռոբոտների արտադրության համար, կիրականացվեն գիտահետազոտական աշխատանքներ, ագրարային ճարտարագիտության ֆակուլտետում կներդրվի «Ռոբոտաշինություն և մեխատրոնիկա» մասնագիտական կրթական ծրագիրը։
Նշենք, որ մոնիտորինգային այցերի շրջանակում 2024 թ. հունվար ամսվա ընթացքում աշխատանքային խումբ այցելել է նաև Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան և Երևանի պետական համալսարան՝ դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով:
Աղբյուր՝ «Կրթական ծրագրերի կենտրոն»