ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Վարչապետը հանձնարարականներ է տվել Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ

31.01.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակը։

Հանդիպմանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:

Թոբիաս Քեյլը մանրամասներ է ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ծրագրի նախագծահետազոտական աշխատանքների, շահագրգիռ կողմերի հետ քննարկումների վերաբերյալ և նշել, որ արդյունքում վերահաստատվել է «Ակադեմիական քաղաք»-ի տեսլականը: Նա նշել է, որ մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի և ընդգծել, որ հարակից գործընթացներն արդեն իսկ կարելի է սկսել:

Հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկել են ճարտարագիտական ենթակառուցվածքներին, ճանապարհային ցանցին, լանդշաֆտին վերաբերող հարցեր: Ներկայացվել են թեմային առնչվող առաջարկություններ և դիտարկումներ:

Քննարկման արդյունքում վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել պատասխանատուներին՝ «Ակադեմիական քաղաք»-ի ենթակառուցվածքների ստեղծման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Աղբյուր՝ primemminister.am