ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստանյան բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների 25 ներկայացուցիչ կմասնակցի «Researcher Connect» առցանց դասընթացին

03.02.2025
image descriptionimage descriptionimage description

Հունվարի 31-ին Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի տեղակալ Արտուր Մովսիսյանը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը հանդիպեցին «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց դասընթացի 25 մասնակիցների հետ։

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մոսվիսյանը շնորհակալություն հայտնեց Բրիտանական խորհրդին նախաձեռնության համար և շնորհավորեց շահառուներին: Մովսիսյանն ընդգծեց, որ այն հմտությունները և գիտելիքը, որ տալու է այս ծրագիրը համահունչ է Հայաստանի վարած քաղաքականությանը բոլոր տեսանկյուններից՝ գիտության միջազգայնացման, գիտական արդյունքների, հրապարակումների, միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններից օգտվելու, միջազգային գործընկերներ գտնելու: Նա հույս հայտնեց, որ մասնակիցները նոր բարձունքների կհասնեն այս դասընթացի շնորհիվ:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը՝ բարձր գնահատելով Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին համագործակցությունը, ներկայացրեց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի գործունեության մանրամասները՝ նշելով, որ վերջինիս նպատակն է աջակցել Հայաստանի զարգացմանը՝ ստեղծելով փոխըմբռնում, վստահություն և կապեր Հայաստանի և Միացյալ Թագավորության ժողովրդի միջև երեք հիմնական ուղղությամբ.

- անգլերենի դասավանդում,

- բարձրագույն կրթություն,

- արվեստի և մշակույթի ոլորտի ծրագրեր:

«Այս ծրագիրը նախատեսված է հետազոտողների համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց ավելի հստակ և ճիշտ կերպով ներկայացնել իրենց հետազոտությունները միջազգային հարթակներում, և այդպիսով Հայաստանի փորձը հասանելի դարձնել տարբեր երկրներին»,- նշեց Հովասափյանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը հայտնեց նաև, որ 100-ից ավելի հայտ են ստացել, ընտրվել են 25-ը: Նա հավելեց, որ հաջողության դեպքում ծրագիրը շարունակական բնույթ կունենա:

Հիշեցնենք, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ կազմակերպվող «Researcher Connect» խորագրով մասնագիտական առցանց դասընթացը կանցկացվի 2025 թվականի փետրվարի 3-ից 6-ը և 10-ից 13-ը։

Դասընթացի նպատակն է.
- բարձրացնել անհատ հետազոտողների արդյունավետությունը՝ միջազգային բազմամշակութային ակադեմիական համատեքստում հաղորդակցության հմտությունների զարգացման միջոցով,
- համալսարանների և գիտահետազոտական կազմակերպությունների համար մրցակցային առավելություն ապահովել արագ զարգացող միջազգային հետազոտական տարածքում։