ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կայացավ 5-րդ հոբելյանական Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը

31.03.2025
Մարտի 29-ին իր աշխատանքներն ամփոփեց հոբելյանական 5-րդ Հայկական համադպրոցական գիտության փառատոնը, որն այս տարի կայացավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում։
 
Եզրափակիչ փուլում իրենց հետազոտության արդյունքները ներկայացրեցին 250 սովորողներ Երևանից և ՀՀ մարզերից։
 
Ներկայացված 94 նախագծերը վերաբերում էին հինգ հիմնական անվանակարգերին՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ:
 
Հետազոտական ի՞նչ թեմաներ էին հուզում աշակերտներին այս տարի
 
Ուսումնասիրության թեմաների շրջանակը լայն էր և բազմազան․ այս տարի ևս աշակերտները շատ մեծ ուշադրություն են դարձրել շրջակա միջավայրի խնդիրներին՝ Սևանա լճի ձկնատեսակներին, Գետառի ջրի որակին, հանքավայրերի պոչամբարների ազդեցությանը, ջրում ծանր մետաղների առկայության բացահայտմանը, ռադիացիայի չափմանը, այլընտրանքային էներգիային, ինչպես նաև Երևանում և Գյումրիում օդի աղտոտվածության մակարդակներին և մեղմման եղանակներին։ Ավանդական դարձած թեմաների հետ մեկտեղ, աշակերտներին հետաքրքրել են նաև համաշխարհային օվկիանոսը նավթից մաքրելու հիմնախնդիրը և բիոնիկայի կիրառմամբ սարդ-ռոբոտի նախագծման աշխատանքները։
 
Քիչ չէին նաև կիրառական նախագծերը, որոնց շրջանակներում աշակերտները գիտափորձերի արդյունքում ստացել էին էկոլոգիապես մաքուր օճառ, օծանելիք, հայտնի կտավների մոմե կրկնօրինակներ, զարդեր, դեղաբույսերից բուժիչ պատրաստուկներ, ինչպես նաև վառելանյութ և պարարտանյութ։
 
Աշակերտների հետաքրքրության շրջանակում շարունակում են մնալ նաև հայագիտական և հումանիտար նախագծերը՝ հայ պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված հարթակներից մինչև Վիքիպեդիայում զեղծարար նյութերի բացահայտում։
 
«Տարեցտարի ավելի մեծ թվով դպրոցականներ են մասնակցում և ներկայացնում հետազոտական բնույթի, գիտական տարրեր պարունակող նախագծային աշխատանքներ։ Սա նաև մասնագիտական կողմնորոշման տեսակետից կարևոր նշանակություն ունի։ Տարեցտարի նկատում ենք, որ գիտական, ստեղծագործական աշխատանքով զբաղվել ցանկացող երեխաների թիվն աճում է», - նշել է Արաքսիա Սվաջյանը՝ ծանոթանալով փառատոնի եզրափակիչ փուլին ներկայացված նախագծերին և զրուցելով աշակերտների հետ:
Նա նշել է, որ փառատոնի միջոցով ակնկալվում է խթանել սովորողների՝ գիտությամբ զբաղվելն ու գիտական փոքր հետազոտություններ իրականացնելը: «Մասնագիտական հանձնաժողովը նախագծերը գնահատում է՝ ըստ դրանց նորարարության, հետաքրքրության, ինքնուրույնության: Մի շարք չափանիշներ կան, ըստ որոնց՝ կատարվում է լավագույնների ընտրությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։
 
Ի՞նչին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն հաջորդ տարվա փառատոնի մասնակիցները․ ժյուրիի անդամները կիսվեցին իրենց նկատառումներով և առաջարկություններով
 
Իրենց հերթին, մասնագիտական ժյուրիի անդամները մանրամասնեցին նախագծերից ստացված տպավորությունների և գնահատման չափանիշների մասին։
 
Այսպես, ժյուրիի անդամ կ․գ․թ․ Նաիրա Սահակյանի հավաստմամբ՝ խմբեր կան, որ երկրորդ կամ երրորդ անգամ են մասնակցում, և առաջընթացն ակնհայտ է․ տարիների ընթացքում փորձի կուտակումը իրապես նպաստել է ծրագրերի ավելի գրագետ ներկայացմանը՝ վիճակագրական վերլուծությունների ներառմամբ։ <<Երեխաներին հետաքրքում են այն թեմաները, որոնց հետ առնչվում են կենցաղում՝ միջավայրի աղտոտվածությունը, աղմուկը, առողջության պահպանում, կենսաբանական ակտիվության ուսումնասիրությունը և կիրառությունները>>,- նշեց Սահակյանը՝ խորհուրդ տալով աշակերտներին և ղեկավարներին հետագայում ավելի շատ ուշադրություն դարձնել գիտափորձերի անցկացման մեթոդաբանությանը, փորձերը կրկնել մի քանի անգամ՝ վիճակագրական տվյալների ճիշտ վերլուծության նպատակով։
 
Ժյուրիի մեկ այլ անդամ, կ․գ․թ․ Լիլիթ Գաբրիելյանի հավաստմամբ՝ ուրախալի նաև այն փաստը, որ նախագծերի քանակի աճին զուգահեռ, աճում է նաև մարզաբնակ աշակերտների մասնակցությունն ու ոգևորվածությունը ծրագրով։ Բացի այդ, Լիլիթ Գաբրիելյանի կարծիքով, աճել է նաև պաստառային ներկայացումների որակը՝ թե՛ արտաքին ձևավորման, թե՛ նրանցում վիճակագրական վերլուծությունների ներառման, թե՛ բանավոր ավելի գրագետ ներկայացման տեսանկյունից։ Աշխատանքը ավելի ներկայանալի դարձնելու համար աշակերտներն օգտվել են նաև արհեստական բանականության գործիքակազմերից։ Ժյուրիի անդամն առանձնահատուկ ընդգծեց նաև միջին դասարանների աշակերտների ոգևորվածությունը և հետաքրքրությունը նորարարությունների հանդեպ։ Ինչ վերաբերում է աշակերտների հետաքրքրությունների շրջանակին, ապա ժյուրիի անդամի ընդգծմամբ, այս տարի շատացել են միջգիտակարգային ուսումնասիրությունները, ինչը ևս խրախուսելի է։ Գաբրիելյանի հավաստմամբ, առանձնակի ուշագրավ է այն փաստը, որ աշակերտները ուսումնասիրության ընթացքում դիմում են տարբեր գիտական կենտրոններ, պետական մարմիններ, ոլորտի մասնագետների՝ փորձելով իրենց աշխատանքը բարելավելու նոր ուղիներ գտնել։ Միաժամանակ, Գաբրիելյանը խորհուրդ տվեց աշակերտներին ավելի նախաձեռնողական լինել ուսումնասիրվելիք թեմայի ընտրության հարցում:
 
Ինչո՞ւ մասնակցել գիտության փառատոնին․ իրենց փորձով և խորհուրդներով են կիսվում նախորդ տարիների մասնակիցները, ուսուցիչները և տնօրենները
 
Փառատոնին արդեն հինգերորդ տարին անընդմեջ որպես նախագծի ղեկավար մասնակցած Նելլի Ստեփանյանը, որը դասավանդում է Վանաձորի թիվ 21 միջնակարգ դպրոցում, կոչ արեց գործընկերներին և աշակերտներին ավելի ակտիվ մասնակցել նման նախաձեռնություններին՝ հիշելով, որ ցանկացած փոքր միտք կարող է բերել մեծ գաղափարների։ Նախորդ տարիներին ուսուցչի սաներն ուսումնասիրել են այլընտրանքային էներգիայի աղբյուրների մշակման և Լոռու դեղաբույսերի կիրառության եղանակները՝ համագործակցելով նաև այլ մարզերի դպրոցականների հետ։ Այս տարի թիվ 21 աշակերտները ստացել են մրգային կաթ, պատրաստել արհեստական օճառ՝ բնական ծաղիկներից, և կվարցի տատանումների կիրառմամբ ստացել այլընտրանքային էներգիա։
 
Երևանի թիվ 112 միջնակարգ դպրոցի տնօրեն Օվսաննա Քարամյանն էլ նշեց, որ տարեցտարի խրախուսում է աշակերտներին մասնակցել փառատոնին իրենց գիտական հետազոտություններով՝ չմոռանալով նաև գեղագիտական կողմի մասին․ այս տարի նրա սաները մեղրամոմին տարբեր հավելանյութեր ավելացնելու միջոցով ստացել են շինարարության մեջ կիրառելի նյութ` միաժամանակ վերստեղծելով համաշխարհային հայտնի արվեստի գործերը։
 
Իր փորձով այս տարվա մասնակիցների հետ կիսվելու յուրահատուկ նախադեպ է նաև նախորդ տարվա մրցանակակիր, ԵՄ երիտասարդ գիտնականների 35-րդ մրցույթին Հայաստանը ներկայացրած Մարիանա Աթայանի մասնակցությունն այս տարվա նախագծերին` որպես մենթոր։ Արդեն ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողուհին աջակցել է «Այբ» կրթահամալիրի 3 գիտական խմբերի հետազոտությունների իրականացմանը (ուսուցիչ` Լիլիթ Համբարձումյան), որոնք վերաբերում էին հակաբակտերիալ կենսաքայքայվող թաղանթի մշակմանը, հողերի որակը բարելավող արդյունավետ օրգանական պարարտանյութի ստացմանը և վերամշակված պլաստիկի շնորհիվ ջրից ծանր մետաղների դուրսբերմանը։
Խոսելով միջազգային մրցույթում մասնակցության փորձից` Մարիանա Աթայանը նշեց, որ միջազգային հարթակներում մրցակցությունը շատ բարձր է, և պարզապես լավ գաղափար ունենալը բավարար չէ. կարևոր է նաև լավ կատարողականը` առաջատար երկրների հետ մրցել կարողանալու համար։ Ապագա մասնակիցներին խորհուրդ տվեց ընտրել չկրկնվող նորարական գաղափար և ուշադրություն դարձնել դրա կատարողականի վրա` միաժամանակ ավելորդ չլարվելով և վայելելով փառատոնի միջավայրը: