Գիտնականները շնորհավորեցին սիրելի մաեստրոյին
Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցեց Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի բացման արարողությանը:
Պարոն Հարությունյանը շնորհավորեց սիրելի մաեստրոյին ծննդյան տարելիցի կապակցությամբ` մաղթելով առողջություն, ստեղծագործական նորանոր բարձունքներ և ամենայն բարիք.
«Թանկագին պարոն Չեքիջյան,
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 85-ամյակի կապակցությամբ:
Դիրիժորական և մանկավարժական Ձեր բազմամյա գործունեությունը մեծ նպաստ է բերել մեր խմբերգային արվեստի զարգացմանը: Ձեր ղեկավարությամբ մեծ վարպետությամբ կատարվել են դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայկական ժողովրդական երգեր, օպերաներից հատվածներ, որոնք, հանդիսանալով համաշխարհային երաժշտության անկրկնելի գոհարներ, տասնյակ տարիներ ոգևորել և կրթել են սերունդներ:
Անուրանալի է ինքնատիպ գեղարվեստական մտածողությամբ, կատարողական վարպետությամբ և արտիստիզմով աչքի ընկնող երաժշտական կյանքի հմուտ կազմակերպչի և մանկավարժի Ձեր վաստակը: Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը` հռչակավոր Կապելլան, եղել և մնում է մեր ժողովրդի կողմից ամենասիրված երաժշտական կոլեկտիվներից մեկը:
Այսօր էլ Դուք շարունակում եք ստեղծագործական եռանդուն գործունեությունը, ինչի արդյունքում, վստահ եմ, ծնվելու են նոր գլուխգործոցներ` ի շահ մեր մշակութային գանձարանի հարստացման:
Մեկ անգամ ևս շնորհավորելով ծննդյան տարելիցի կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ, սիրելի մաեստրո, առողջություն, ստեղծագործական նորանոր բարձունքներ և ամենայն բարիք:»:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին