ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե


Հարցեր՝ արշավախումբ կազմակերպելու նպատակով գործուղման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու վերաբերյալ

1․ Ո՞ւմ ղեկավարությամբ պետք է կազմակերպված լինի արշավախումբը։

Արշավախումբը պետք է կազմակերպված լինի ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ իրականացվող գիտական ծրագրերում ընդգրկված գիտաշխատողի ղեկավարությամբ։

2․ Ո՞վ և ե՞րբ կարող է դիմել փոխհատուցում ստանալու համար։

Փոխհատուցում ստանալու համար պետք է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե դիմի կազմակերպության ղեկավարը ոչ ուշ, քան արշավախմբի՝ դաշտային աշխատանքների մեկնելու օրվանից երեսուն օր առաջ։

3․ Արդյոք պարտադի՞ր է թույլտվություն ստանալ հնագիտական տարածքներում գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար։

Այո, քանի որ կազմակերպության ղեկավարը փոխհատուցում ստանալու համար պետք է ներկայացնի նաև սահմանված կարգով տրված թույլտվությունը (բաց թերթիկ, այլ)։

4․ Ինչպե՞ս է որոշվում՝ ֆինանսական միջոցներ տրամադրվո՞ւմ են արշավախումբ կազմակերպելու համար, թե՞ ոչ։

Արշավախումբ կազմակերպելու համար ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակահարմարության համար եզրակացություն տալու հարցը քննարկում է հայտը քննարկելու համար ձևավորված աշխատանքային խումբը՝ հրավիրված փորձագետ(ներ)ի մասնակցությամբ։

5․ Ե՞րբ և ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ կազմակերպված արշավախմբի աշխատանքների ավարտից հետո։

Արշավախմբի աշխատանքներն ավարտվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում Կազմակերպության ղեկավարը Կոմիտե է ներկայացնում դաշտային աշխատանքների գիտական հաշվետվության պատճենը՝ կցելով Կոմիտեի տրամադրած ֆինանսական միջոցներով իրականացված ծախսերը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 
Մանրամասն տե՛ս Արշավախումբ կազմակերպելու, գիտական գործուղման ճանապարհածախսը փոխհատուցելու, գիտության ոլորտում գործող միջազգային պայմանագրերի, համաձայնագրերի կամ հուշագրերի շրջանակներում և միջազգային համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով գործուղման համար ֆինանսական միջոցներ տրամադրելու կարգ (հաստատված ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024թ․ ապրիլի 8-ի N 483/Ա-2 հրամանով)