ԳԴՀ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է Լայպցիգի քաղաքապետին





Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդիպել են Լայպցիգի քաղաքապետ Բուրքարդ Յունգի հետ:
ՀՀ պատվիրակության կազմում է նաև ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ կապերի զարգացումը: Այս համատեքստում շեշտվել է, որ Երևանն ու Լայպցիգը հանդիսանում են քույր քաղաքներ, ինչը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ է ստեղծում։ Մասնավորապես, կարևորվել է Երևանի և Լայպցիգի բարձրագույն, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հանրկրթական դպրոցների միջև ուղիղ կապերի ստեղծումը: Քննարկվել են փոխանակման ծրագրերի իրականացման և համատեղ միջազգային կրթական ծրագրերի դիմելու հնարավորությունները:
Հանդիպմանը մասնակցել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառի տնօրեն Աստրիդ Բյոհմիշը: Քննարկվել է նաև Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառին Հայաստանի հնարավոր մասնակցության հարցը: ԿԳՄՍ նախարարը գերմանական կողմին հրավիրել է Հայաստան՝ սեպտեմբերին կայանալիք Գրքի երևանյան միջազգային փառատոնին՝ քննարկելու համագործակցության հեռանկարները:
ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև Լայբնից գիտահետազոտական ինստիտուտի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտ (GWZO), փոխտնօրեն Յուլիա Հերցբերգի ուղեկցությամբ շրջել ինստիտուտում, ծանոթացել վերջինիս գործունեությանը և ենթակառուցվածքներին: Կողմերը քննարկել են համատեղ կրթաթոշակային ծրագիր ունենալու հնարավորությունը՝ հայագիտական հետազոտությունների ուղղությամբ: ԿԳՄՍ նախարարն առաջարկել է նաև դիտարկել գերմանացի և հայ հետազոտողների՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի՝ արտերկրի գիտնականների համար նախատեսված ծրագրերին համատեղ մասնակցության հնարավորությունը:
Երիտասարդական քաղաքականության ուղղությամբ համագործակցության հեռանկարները քննարկվել են նաև ԵԽ որակի հավաստագիր ունեցող երիտասարդական կենտրոնների հետ: Մասնավորապես, քննարկվել է ՀՀ-ում բացվող երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ փոխանակման և կարողությունների զարգացման ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ՀՀ երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններից են եվրոպական երիտասարդական կենտրոնների ցանցի հետ համագործակցությունն ու կապերի սերտացումը, որը նաև կնպաստի կարողությունների բարելավմանը:
ՀՀ պատվիրակությունն այցելել է նաև Սաքսոնիայում ՀՀ պատվո հյուպատոսություն, հանդիպել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի վարչապետ Միխաել Կրեչմերիի հետ: