ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԳՊԿ Ոսկե մեդալ Վլադիմիր Հարությունյանին

02.12.2015

Դեկտեմբերի 2-ին, Երևանի պետական համալսարանի ռեկտորատի նիստի ընթացքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ» հանձնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Միխաիլի Հարությունյանին:

Մոտ կես դար իր կյանքը Մայր բուհի հետ կապած գիտնականը 1977 թվականից  ղեկավարում է ԵՊՀ կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնը,  2007 թ.-ից՝ նաև՝ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոնը: Միաժամանակ Կիսահաղորդչային նյութերի և սարքավորումների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գիտական խորհրդատուն է, Ֆրանսիական միջազգային ինժեներական և Ֆրանսիական «Արարատ» գիտությունների ակադեմիաների անդամ:

Խոսելով գիտության և կրթության բնագավառներում Վ. Հարությունյանի ավանդի մասին՝ ԳՊԿ նախագահը, մասնավորապես, կարևորեց գիտնականի ավանդը որպես ԵՊՀ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոնի ղեկավար: Վ. Հարությունյանի շնորհիվ կենտրոնն իրականացրել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի 18 դրամաշնորհ, ինչը թույլ է տվել Հայաստանում պահել մասնագետներին: Կենտրոնի աշխատանքը հսկայական է, հատկապես, էներգիայի վերականգնվող աղբյուրների ուսումնասիրման գործում: Այդ ուղղությամբ Վ. Հարությունյանի ղեկավարությամբ միջազգային հեղինակավոր ամսագրերում տպագրվել է շուրջ 70 գիտական աշխատանք:

ԳՊԿ նախագահն անդրադարձավ նաև Վ. Հարությունյանի գործունեությանը՝ որպես փորձագետի:

Վլադիմիր Հարությունյանին Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ» շնորհվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի N 30-Ա/Ք հրամանով` հաշվի առնելով հիմնարար և կիրառական գիտությունների բնագավառում արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումները, գիտական կադրերի պատրաստման և գիտության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդն ու ներդրումները:

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին