Հանդիպում ԵՊՀ գիտնականների հետ
Փետրվարի 7-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը ԵՊՀ գիտխորհրդի ընդլայնված նիստում գիտնականների հետ հանդիպման ընթացքում հանդես եկավ «Հայաստանում գիտական եւ գիտատեխնիկական բնագավառի ծրագրերը եւ ֆինանսավորումը» թեմայով զեկուցմամբ:
Կոմիտեի նախագահը նախ ներկայացրեց գիտության պետական կոմիտեի գործունեության նպատակները եւ խնդիրները, ինչպես նաեւ` գիտության ոլորտում իրականացվող հիմնական բարեփոխումները: Անդրադարձավ իրավական դաշտի կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, որոնցում առավել կարեւորեց 6 տարվա ընթացքում ՀՀ կառավարության 32 որոշման եւ ՀՀ վարչապետի 5 որոշման ընդունումը: Հատուկ անդրադարձավ ՀՀ պետական բյուջեում գիտության մասնաբաժնի ավելացման եւ բաշխման հարցերին:
Պարոն Հարությունյանը ներկայացրեց նաեւ գիտական ու գիտատեխնիկական ծրագրերի փորձաքննության եւ ֆինանսավորման համակարգերը ՀՀ-ում, ոլորտի կադրային կազմը, գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը:
Հատուկ անդրադարձ եղավ այսօր երկրում գործող գիտական ծրագրերի փորձագիտական համակարգին: ԵՊՀ գիտական հանրությանը մտահոգող առաջնահերթ խնդիրը այսօր գիտական թեմաների «ոչ ճիշտ» գնահատվելու վերաբերյալ նրանց մտահոգությունն է, ինչի մասին էլ կիսվեցին կոմիտեի նախագահի հետ հարցուպատասխանի ժամանակ:
Շուրջ 3 ժամ տեւած հանդիպման ընթացքում հարցեր հնչեցին նաեւ փորձագետների ու հանձնաժողովների անդամների գաղտնիության, թեմաների փորձագիտական գործընթացի, գիտաշխատողների ցածր աշխատավարձերի, ինչպես նաեւ մրցույթների անցկացման որոշ առանձնահատկությունների մասին: Կոմիտեի նախագահը պատասխանեց հնչած բոլոր հարցերին, սակայն մնացին նաեւ չբարձրաձայնված հարցեր` այլ հանդիպումների ընթացքում հնչելու ակնկալիքով:
Պարոն Հարությունյանը նշեց, որ ինքը եղել եւ մնում է համալսարանական ու մշտապես պատրաստ է իր գործընկերների հետ բաց եւ անկաշկանդ քննարկումների. «Գիտության պետական կոմիտեն փորձում է բաց աշխատել, եւ ցանկացած առաջարկություն, որը կարող է նպաստել աշխատանքի բարելավմանը, ընդունում ենք եւ պատրաստ ենք օգտագործել»,_նշեց կոմիտեի նախագահը:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին