ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հուշագրեր՝ «ՔԵՆԴԼ» ծրագրի շրջանակներում

30.08.2011

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը օգոստոսի 14-27-ը գտնվում էր  Եվրոպայում՝  «ՔԵՆԴԼ» նախագծի շրջանակներում բանակցություններ վարելու եւ պայմանագիր կնքելու նպատակով:

 

Հայկական պատվիրակությունը, Ս. Հարությունյանի գլխավորությամբ, օգոստոսի 14-16-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հանդիպել է «ԴԵԶԻ» (DESY-գերմանական էլեկտրոնային սինքրոտրոն) կենտրոնի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են «Քենդլ» նախագծի շրջանակներում հայ եւ գերմանացի գիտնականների համագործակցության հարցեր:  Համագործակցությունը ենթադրում է փորձագետների փոխանակում, համատեղ հետազոտությունների իրականացում, երիտասարդ գիտնականների եւ ճարտարագետների համար դասընթացների, գիտաժողովների  կազմակերպում: Քննարկումների արդյունքում, օգոստոսի 16-ին կնքվել է  «ԴԵԶԻ»-ի եւ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի միջեւ մտադրությունների հուշագիր, որով մեկնարկում է  2010 թ. հոկտեմբերի 20-ին «ՔԵՆԴԼ»  եւ «ԴԵԶԻ» կենտրոնների միջեւ կնքված մտադրությունների հուշագրով նախատեսված ծրագրի առաջին փուլը:

                         Օգոստոսի 25-ին ԳՊԿ նախագահը եւ «ՔԵՆԴԼ» ծրագրի տնօրենը  մեկնել են Շվեյցարիա՝ հանդիպելու  PSI (Պաուլ Շերերի ինստիտուտ) կենտրոնի ներկայացուցիչների հետ: Բարձր գնահատելով PSI-ի եւ հայ գիտնականների միջեւ համագործակցության արդյունավետությունը՝ կենտրոնի ղեկավարությունը կրկին հաստատել է իր մասնակցությունը «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացմանը: Հանդիպման արդյունքում PSI-ի եւ Գիտության պետական կոմիտեի միջեւ կնքվել է  մտադրությունների հուշագիր:

                     Գերմանիա եւ Շվեյցարիա գործուղման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա 2-3 տարիների ընթացքում կազմակերպել  երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրեր վերոնշյալ գիտական կենտրոններում, հայ եւ գերմանացի գիտնականների գիտագործնական հանդիպումներ, բացի այդ, Հայաստանին կհատկացվեն գծային արագացուցչի կառուցման համար անհրաժեշտ որոշ սարքավորումներ:

 


Նախատեսվում է նաեւ 2012 թվականի գարնանը Հայաստանում կազմակերպել հանդիպում Գերմանիայի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին