ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Աջակցություն երիտասարդ գիտնականներին

06.05.2011

Մայիսի 6-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2010» մրցույթի հաղթողներին դրամաշնորհի վկայագրերի հանձնման արարողությունը:

 

Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության մրցույթը այս տարի առաջին անգամ իրականացվել է, ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում: Մրցույթը նպատակ ունի խրախուսել գիտության տարբեր բնագավառներում գիտական եւ գիտատեխնիկական հետազոտություններ իրականացնող երիտասարդներին: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել 32 գիտական ծրագիր. 16 ասպիրանտի կտրվի 1.5 մլն ՀՀ դրամ մեկամյա անհատական աջակցություն, իսկ գիտական հետազոտությամբ զբաղվող մինչև 35 տարեկան 3 գիտաշխատողներից կազմված 16 խմբերին՝ տարեկան 3,5 միլիոն դրամ երկամյա աջակցություն:

 

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ ԿԳ նախարարության եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Նախքան վկայագրերի հանձնելը կոմիտեի նախագահը շնորհավորեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին՝ ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ շնորհելով  Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ»: Պարգեւը գիտնականին շնորհվեց հիմնարար եւ կիրառական գիտությունների բնագավառում ունեցած ձեռքբերումների, գիտական կադրերի պատրաստման եւ գիտության ոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի ու ներդրումների համար:

 

Միջոցառման ընթացքում նաեւ մտադրությունների հուշագիր կնքվեց ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջեւ: Հուշագրի նպատակն է նպաստել ՀՀ գիտական համակարգը ժամանակակից հետազոտական հմտություններով զինված կադրային ներուժով համալրելու գործընթացին, ինչպես նաեւ խթանել Հայաստանի երիտասարդ գիտնականներին զբաղվելու արդյունավետ գիտական գործունեությամբ: Հուշագրի ստորագրմամբ կողմերը նպատակ են հետապնդում համախմբել իրենց հնարավորությունները եւ մրցութային հիմունքներով դրամաշնորհներ տրամադրել եւս մի խումբ երիտասարդ գիտաշխատողների եւ ասպիրանտների:

 

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի նախագահ Բ. Բեգլարյանը կարեւորեց գիտության ու կրթության դերը պետության կայացման գործում, շնորհավորեց Ռ. Մարտիրոսյանին եւ դրամաշնորհ ստացած երիտասարդներին:

 

Վերջում շնորհակալական խոսքով հանդես եկան դրամաշնորհի արժանացած երիտասարդները: Նրանք ընդգծեցին պետության կողմից իրենց աշխատանքի նկատմամբ ուշադրության, ֆինանսական օժանդակության կարեւորությունը եւ կոմիտեի դերը այդ գործում:

 

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին