ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Քննարկվել են գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության հարցեր

30.09.2015

Սեպտեմբերի 24-25-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մասնակցել է Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհրդի 16-րդ նստաշրջանին:

 

Խորհրդի անդամները քննարկել են նախկինում ընդունված որոշումների կատարման ընթացքը, «Մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության» ծրագրի շրջանակներում 2015-ին իրականացված, ինչպես նաև 2017-2020 թթ-ների համար նախատեսված մի շարք միջոցառումները, ծրագրի արդյունքում առաջացած սեփականության իրավունքի վերաբերյալ հարցերը: Վերանայվել են ծրագրի արդիականացման խնդիրները: Առաջարկվել է Խորհրդին կից ստեղծել ծրագրի իրականացման համար համակարգող խորհուրդ:

 

Քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների, Եվրասիական տնտեսական խորհրդի անդամ երկրների և Բելառուսի ու Ռուսաստանի միացյալ պետության գիտատեխնիկական և ինովացիոն համագործակցության զարգացմանն ուղղված, ինչպես նաև  միջպետական պիլոտային ինովացիոն նախագծերի իրականացման և ֆինանսավորման հարցեր:

 

Նստաշրջանի մասնակիցները ծանոթացել են «ԱՊՀ նանոտեխնոլոգիաների միջազգային ինովացիոն կենտրոն» ոչ առևտրային գործընկերության շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների 2013-14 թթ. ստացած դրամաշնորհների արդյունքներին և 2015 թ. ընթացքում դրամաշնորհներով իրականացված աշխատանքներին: Հավանության է արժանացել «Տիեզերական հետազոտությունների միացյալ ինստիտուտ» միջպետական գիտահետազոտական կազմակերպության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:

 


Վերանայվել են Խորհրդի երիտասարդական քաղաքականության իրականացման հարցերը: Հաստատվել է Խորհրդի շրջանակներում գործող ԱՊՀ երիտասարդ գիտնականների ու մասնագետների խորհրդի կազմը, որի առաջին` ԱՊՀ երկրների երիտասարդ գիտնականների գիտագործնական կոնֆերանսը տեղի կունենա Ղրղզստանի Հանրապետությունում:

 

Խորհրդի նիստում սահմանված կարգով խորհրդի նախագահ է ընտրվել Բելառուսի գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Շումիլինը:

 

Հիշեցնենք, որ Գիտատեխնիկական և ինովացիոն ոլորտներում համագործակցության միջպետական խորհուրդն ստեղծվել է 2009 թ.: Այն  հանդիսանում է 2011 թ. ընդունված «Մինչև 2020 թվականը ԱՊՀ մասնակից երկրների ինովացիոն համագործակցության» ծրագրի վերահսկիչ խորհուրդը: Ծրագրի հիմնական նպատակը ԱՊՀ մասնակից երկրների մտավոր, գիտատեխնիկական, արտադրական և ֆինանսական ներուժի համախմբումն է՝ լայնամասշտաբ նախագծեր իրականացնելու համար: Այդ պատճառով էլ Ծրագիրը համարվում է ԱՊՀ գործունեության շրջանակներ ինտեգրվելու հիմնական մեխանիզմներից մեկը: Ծրագրի շրջանակներում 2014 թ-ին սկսել են իրականացվել 4 խոշոր միջազգային ծրագրեր, որոնցից մեկին մասնակցում է նաև Հայաստանը: Ռուսաստանի և Բելառուսի հետ համատեղ իրականացվող ծրագրի արդյունքում կմշակվեն տեխնոլոգիաներ ու կստեղծվեն փորձարարական տեխնոլոգիական հոսքագծեր՝ գերդիմացկուն կտրող և փորող գործիքների արտադրության մեջ օգտագործվող հատուկ նանոկառուցվածքով ալմաստե կոմպակտներ ու բաղադրիչներ պատրաստելու համար:

 

              Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին