Խորհրդարանական լսումներ. «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե. գործունեություն և հեռանկարային ծրագրեր»







Խորհրդարանական լսումներ. «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե. գործունեություն և հեռանկարային ծրագրեր»
Մարտի 21-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էին «ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե. գործունեություն և հեռանկարային ծրագրեր» թեմայով խորհրդարանական լսումներ:
Հանդիպմանը մասնակցում էին ինչպես պատգամավորներ, այնպես էլ գիտության ոլորտի ներկայացուցիչներ` գիտական կազմակերպությունների, բուհերի ղեկավարներ, փորձագետներ, Երիտասարդական խորհրդարանի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
«Նման միջոցառում անցկացնելու գաղափարը վաղուց էր հասունացել,- բացման խոսքում նշեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը,- վաղուց էր նախատեսվում հավաքվել և քննարկել գիտության ոլորտի խնդիրները օրենսդիր մարմնում, լսել ոլորտը կանոնակարգող լիազոր մարմնի ներկայացուցչին»:
Զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Ներկայացնելով կոմիտեի գործունեությունը ՝ նա անդրադարձավ գիտական և գիտատեխնիկական բնագավառը կանոնակարգող հիմնական իրավական ակտերին, ոլորտի պետական ֆինանսավորման ուղղություններին, միջազգային համագործակցությանը, կոմիտեի ընթացիկ և հեռանկարային ծրագրերին, այդ թվում՝ CANDLE և «CYCLON 18/18» լայնամասշտաբ ծրագրերին:
Ս. Հարությունյանի զեկույցի համառոտագրությունը՝ ստորև:
Լսումների հարց ու պատասխանի մասում ներկա պատգամավորների կողմից հնչեցին բանախոսին ուղղված բազմապիսի հարցեր` այդ թվում գիտական աստիճանաշնորհման համակարգի, գիտնականներին տրվող միջին աշխատավարձի չափի, գիտության ոլորտից արտահոսքի, գիտական փորձաքննության համակարգի վերաբերյալ և այլն:
Պատգամավորներն ու գիտության ոլորտի ներկայացուցիչները հանդես եկան նաև ելույթներով, առաջ քաշեցին մտահոգող հարցերը, հնչեցրին որոշակի առաջարկություններ: Մասնավորապես` անհրաժեշտ է բարձրացնել գիտնականների վարկանիշը, լուրջ փոփոխություններ կատարել գիտական աստիճանաշնորհման համակարգում, որպեսզի գիտական աստիճանի համար կազմակերպվող պաշտպանություններն այլևս ինքնանպատակ չլինեն: Շատ կարևորեցին գիտական պատենտների գրանցման խնդիրները, ինչպես նաև՝ գիտության ոլորտում հարկային օրենսդրության մեջ որոշակի փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը:
Առաջարկվեց նաև ստեղծել Գիտության թանգարան, ինչը կնպաստի հասարակության մեջ գիտության նկատմամբ վերաբերմունքի դրսևորմանը դեռ մանուկ հասակից:
Վերջում կոմիտեի նախագահն ու հանձնաժողովի նախագահը ամփոփեցին հանդիպումը` երկուստեք շնորհակալություն հայտնելով արդյունավետ ու բովանդակալից աշխատանքի համար:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին