Հայ-չինական գիտական կապերի ընդլայնման նոր հնարավորություն
Մարտի 18-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում Չինաստանի Յանթայ քաղաքի նոր և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերական ներդրման չին-ռուսաստանյան կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Ինչպես նշեց չինական պատվիրակության ղեկավար, կենտրոնի տնօրեն Չժան Ժենչունը, կենտրոնը մտադիր է սերտ կապեր հաստատել ոչ միայն Ռուսաստանի, այլև ԱՊՀ այլ երկրների գիտնականների հետ, և այցի նպատակն է ծանոթանալ համագործակցության հնարավորություններին: ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը հյուրերին ներկայացրեց միջազգային համագործակցության ուղղությամբ կոմիտեի գործունեությունը, հանրապետությունում գիտության ոլորտի ընդհանուր վիճակն ու կենտրոնի հետ համագործակցության հնարավոր ոլորտները:
Այցի արդյունքում նախատեսվում է կնքել մտադրությունների հուշագիր՝ համատեղ գիտական հետազոտությունների և մշակումների իրականացման, հրապարակումների պատրաստման, ուսումնա-մեթոդական նյութերի մշակման ու հրապարակման, հայկական և չինական գիտական կազմակերպությունների, արտադրական ձեռնարկությունների ու բուհերի փոխադարձ կապերի ստեղծման և այլ ուղղություններով համագործակցության վերաբերյալ:
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե