Հարցեր գիտական աստիճանի համար տրվող հավելավճարների վերաբերյալ
Հարց 1. - Ո՞ր դեպքերում են տրվում հավելավճարներ գիտական աստիճանի համար:
Պատասխան- Գիտական աստիճանի (գիտությունների դոկտորի կամ թեկնածուի) համար հավելավճարներ տրվում են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող այն աշխատակիցներին, ովքեր միայն մեկ ծրագրից ստանում են օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն:
Հարց 2. - Տրվու՞մ է արդյոք հավելավճար գիտական աստիճան ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց
Պատասխան - Գիտական աստիճանի համար հավելավճար տրվում է կենսաթոշակային տարիքի այն անձանց, ովքեր ընդգրկված են ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական կամ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և պայմանագրային (թեմատիկ) ծրագրերում և թեմաներում և միայն մեկ ծրագրից ստանում են օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից ոչ պակաս չափով վարձատրություն:
Հարց 3. - Ի՞նչ ժամկետներում և ի՞նչ պարբերականությամբ է ներկայացվում գիտական աստիճանի համար հատկացվող ֆինանսավորման հայտը:
Պատասխան - Ծրագրեր իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչև 20-ը Կոմիտեի orgs.scs.am առցանց համակարգ մուտք են անում յուրաքանչյուր ամսվա համար Ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտաշխատողների տվյալները և դրանց հիման վրա ձևավորված եռամսյակային հաշվետվությունը յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչև 30-ը ներկայացնում են Կոմիտե: Թեմաներ իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա մինչև 30-ը Կոմիտե են ներկայացնում hաշվետվություն՝ թղթային տարբերակով: Տարվա վերջին եռամսյակի առցանց hաշվետվությունը ներկայացվում է մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ը, իսկ թղթայինը՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը:
Հաշվետու եռամսյակի Հաշվետվությունը չներկայացնելու դեպքում հաշվի է առնվում նախորդ ներկայացված տեղեկատվությունը՝ անկախ չներկայացման պատճառներից:
Հարց 4. - Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել Գիտության կոմիտե՝ գիտական աստիճանի համար հավելավճարի հատկացման ցանկերում փոփոխություններ կատարելու համար:
Պատասխան – Եռամսյակի ընթացքում փոփոխությունների առկայության դեպքում կազմակերպությունը ներկայացնում է փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերի պատճենները (ընդունման, ազատման, երկարատև արձակուրդի կամ գործուղում ուղարկելու հրամաններ, նոր շնորհված գիտական աստիճանների վկայագրեր և այլն)
Հարց 5. - Կազմակերպությունների կողմից սահմանված ժամկետներում և կարգով գիտական աստիճանի համար հատկացվող հավելավճարների վերաբերյալ տեղեկատվություն չներկայացնելը կարո՞ղ է արդյոք հիմք հանդիսանալ ֆինանսավորումը դադարեցնելու համար:
Պատասխան – Հաշվետու եռամսյակից շուտ կատարված, սակայն չներկայացված փոփոխությունները, անկախ չներկայացման պատճառներից, հաշվի չեն առնվում: Կազմակերպությունների կողմից կարգով սահմանված ժամկետներում հայտերի կամ այլ պահանջվող տեղեկատվության չներկայացման դեպքում գիտական աստիճանի համար հավելավճարների տրամադրումը դադարեցվում է մինչև կարգով սահմանված հայտերի կամ այլ պահանջվող տեղեկատվության ներկայացնելը:
Հարց 6. - Տրվու՞մ է արդյոք գիտական աստիճանի համար հավելավճար հղիության և ծննդաբերության արձակուրդում, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող գիտաշխատողներին:
Պատասխան - Հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող գիտական աստիճան ունեցող գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարը տրամադրվում է: Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող գիտաշխատողներին գիտական աստիճանի համար հավելավճարը չի տրամադրվում: