«Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ»
Հոկտեմբերի 5-ից 8-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցել է «Գիտությունն ու տեխնոլոգիաները հասարակության մեջ» (STS) ֆորումի աշխատանքներին:
2004 թվականից կազմակերպվող ամենամյա ֆորումին, որը հայտնի է որպես բնագավառի առաջատար փորձագետների եւ գործարար աշխարհի ներկայացուցիչների երկխոսության հարթակ, մասնակցել են շուրջ 100 երկրներից մոտ 1000 ներկայացուցիչներ: Ֆորումի ընթացքում քննարկվել են հարցեր՝ նվիրված գիտությանը եւ նորարարություններին, տեղեկատվական տեխնոլոգիաներին, գիտատեխնիկական ոլորտում դիվանագիտությանը եւ միջազգային համագործակցությանը, 21-րդ դարում համալսարանների դերին ու նշանակությանը, համաշխարհային առողջապահությանը, մտավոր սեփականության պաշտպանությանը եւ այլն:
Ֆորումի շրջանակներում Գիտության պետական կոմիտեի նախագահը հանդիպում է ունեցել «ՌՈՍՆԱՆՈ» ԲԲԸ կառավարման նախագահ Ա. Չուբայսի հետ: Քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում իրականացված նորարարական ծրագրերի տնտեսության մեջ ներդրման նպատակով ֆինանսավորման հնարավորությունը:
ԳՊԿ նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Ճապոնիայի կրթության եւ տեխնոլոգիաների նախարարի, Կրթության եւ գիտության գործակալության նախագահի եւ այլոց հետ:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին