Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն խոր ցավով հայտնում է, որ oգոստոսի 4-ին կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՌԴ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, հասարակական-քաղաքական անվանի գործիչ, մեխանիկայի հայկական դպրոցի հիմնադիրներից Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը:
Սերգեյ Համբարձումյանը ժամանակակից մեխանիկայի բնագավառում խոշորագույն գիտնականներից էր, դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի բնագավառում մի շարք գիտական նորագույն ուղղությունների հիմնադիր: Նրա հեղինակած անիզոտրոպ շերտավոր թաղանթների դասական տեսության հիման վրա լուծվել են բարակապատ համակարգերի նախագծման բազմաթիվ կարևոր խնդիրներ, որոնք լայն կիրառություն են գտել ավիացիոն տեխնիկայում, սուզանավերի և հրթիռային տեխնիկայի հաշվարկներում: Ս. Համբարձումյանը ստեղծել է նաև սալերի և թաղանթների ճշգրտված տեսություններ, որոնք ժամանակակից կոմպոզիցիոն նյութերից պատրաստված բարակապատ կոնստրուկցիաների հաշվարկի պրոբլեմները սկզբունքորեն նոր տեսանկյունից դիտարկելու հիմք են ծառայել:
Սերգեյ Համբարձումյանը նաև գիտության ու կրթության հմուտ կազմակերպիչ էր, ակտիվորեն մասնակցել է գիտական ու մանկավարժական բարձրորակ կադրերի մի քանի սերունդների պատրաստմանը: Նրա գիտական ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան 50 գիտնական դոկտորական ու թեկնածուական թեզ։ 1977-1991 թթ. լինելով Երևանի պետական համալսարանի ռեկտորը` Սերգեյ Համբարձումյանը մայր բուհի համար ստեղծել է զարգացման ու միջազգային համագործակցության նորանոր հնարավորություններ։
Համաշխահային հեղինակություն վայելող գիտնականի դերը հսկայական է եղել նաև հասարակական կյանքում: 1979-1992 թթ. լինելով ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, 1989-ից` նաև ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ` նա միշտ պաշտպանել է հայ ժողովրդի շահերը, ինչը հատկապես ցայտուն է դրսևորվել Արցախյան հիմնահարցի քննարկումների ընթացքում:
Սերգեյ Համբարձումյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հուղարկավորության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին` ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից:
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտե