Վախճանվել է ակադեմիկոս Սերգեյ Մատինյանը
Սեպտեմբերի 9-ին Հայաստանի գիտությունը մեծ և անդառնալի կորուստ կրեց, վախճանվեց հայ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Հայկի Մատինյանը:
Ս. Հ. Մատինյանի գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը վճռական դեր է ունեցել հանրապետությունում տարրական մասնիկների տեսական ֆիզիկայի համաշխարհային մակարդակի դպրոցի ստեղծման և զարգացման գործում:
Ս. Հ. Մատինյանը ծնվել է 1931 թվականին Թբիլիսիում: 1954 թվականին ավարտել է Թբիլիսիի համալսարանը։ 1968-1994 թթ. եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչ, 1970-1994 թթ.` նաև փոխտնօրեն։ 1994 թվականից աշխատում էր ԱՄՆ -ում (Duke University)։
Աշխարհում լայնորեն հայտնի նրա հիմնարար աշխատանքները վերաբերում են թույլ էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցություններին, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիաների միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գերհոսունության տեսություն) և նեյտրինային աստղաֆիզիկայի հարցերին։ Կարևոր արդյունքներ է ստացել չեզոք Κ-մեզոնների օսցիլյացիաների, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում։ Հայտնաբերել է քվանտային քրոմադինամիկայի վակուումի անկայունությունը, ինչպես նաև ոչ աբելյան տրամաչափային դաշտերի դինամիկական քաոսը:
Մեծ է նրա ներդրումը գիտական կադրերի պատրաստման հարցում: Ս. Հ. Մատինյանը, նախ Վրաստանում, ապա Հայաստանում ստեղծել է ֆիզիկոս-տեսաբանների գիտական դպրոցներ: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ: Նա հաջողությամբ զուգակցել է արդյունավետ գիտական աշխատանքը երկարամյա մանկավարժական գործունեության հետ:
Բեղմնավոր գիտական գործունեության համար Ս. Հ. Մատինյանը պարգևատրվել է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով:
Իմաստուն և անսահման հմայքի տեր մարդու՝ Սերգեյ Հայկի Մատինյանի հիշատակը հավերժ կմնա բոլորի սրտերում, ում նրան ճանաչելու, նրա աշակերտը լինելու և նրա հետ աշխատելու բախտ է վիճակվել: