Հայ-բելառուսական գիտական կապերն ամրապնդվում են
Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ Գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բելառուսական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Բելառուսական կողմից նիստին մասնակցում էին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ս. Սուխորենկոն, Բելառուսի Գիտության եւ տեխնիկայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լ. Դեմիդովը, Բելառուսի գիտությունների ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Վ. Ալեքսանդրովիչը եւ այլոք:
Նիստի ընթացքում քննարկվեցին 2010 թ. մարտին կնքված համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եւ Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես, սահմանվեցին հայ-բելառուսական գիտատեխնիկական համագործակցության առաջնահերթությունները, քննարկվեց միջպետական նպատակային ծրագրերի համատեղ մրցույթների անցկացման հնարավորությունը, փոխանակվեց տեղեկատվություն երկու երկրների գիտատեխնիկական եւ ինովացիոն ոլորտների վիճակի վերաբերյալ:
Նիստի ընթացքում քննարկվեց եւ հաստատվեց նաեւ համաձայնագրի շրջանակներում հայ-բելառուսական համատեղ գիտական ծրագրերի մրցույթների իրականացման կարգը: Առաջին մրցույթը նախատեսվում է հայտարարել 2014 թ. կեսերին: Կողմերը նախնական համաձայնության եկան նաեւ 2015 թ. ընթացքում համատեղ գիտական միջոցառում՝ գիտաժողով կամ սեմինար կազմակերպելու մասին:
Քննարկվեց Հայաստանի, Բելառուսի ու Ռուսաստանի մասնագետների մասնակցությամբ ջրային էկոհամակարգերի հետազոտության միջազգային կենտրոնի ստեղծման հարցը:
Հանդիպման վերջում ստորագրվեց պայմանագիր՝ Սեւանա լճում Հայաստանի եւ Բելառուսի ազգային հարստություն հանդիսացող քաղցրահամ ջրամբարների էկոհամակարգերի ուսումնասիրման միջազգային գիտագործնական կենտրոն-բիոլոգիական կայան ստեղծելու մասին: Այն ստորագրեցին հայկական կողմից՝ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը եւ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը, բելոռուսական կողմից՝ Բելառուսի Գիտության եւ տեխնիկայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Լ. Դեմիդովը եւ Բելառուսի գիտությունների ակադեմիայի աշխատակազմի ղեկավար Վ. Ալեքսանդրովիչը:
Հանձնաժողովի հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2014 թ.՝ Բելառուսում:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին