Քննարկումները կոմիտեում շարունակվում են
ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում շարունակվում են ՀՀ գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքների և չափանիշների սահմանման վերաբերյալ քննարկումները:
Հարկ է նշել, որ քննարկումները լայն արձագանք են գտել գիտական հանրության շրջանակներում և անցնում են բազմամարդ ու ակտիվ:
Փետրվարի 26-ի նիստը վարում էր Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Ողջունելով ներկաներին՝ պարոն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար և հորդորեց հանդես գալ առաջարկներով: Կոմիտեի նախագահը շատ մանրամասն ներկայացրեց նախագիծը՝ անդրադառնալով դրույթներից յուրաքանչյուրին, գնահատման չափանիշներին, ֆինանսավորման սկզբունքներին և հատկացվող չափաբաժինների բաշխմանը: Կոմիտեի պատասխանատուները պատասխանեցին ներկաների հարցերին, գրանցեցին առաջարկները:
Պարոն Հարությունյանը նշեց, որ գիտական և գիտատեխնիկական գործունեության արդյունավետության ցուցանիշի գնահատման հիման վրա իրականացված գիտական կազմակերպությունների տարակարգման արդյունքում կունենանք առավել ակտիվ և արդյունավետ աշխատող կազմակերպություններ և առավել արդյունավետ բաշխված ֆինանսական միջոցներ. ինչն էլ, ըստ էության, նշանակելու է բարձր արդյունավետությամբ աշխատող գիտական կազմակերպությունների խրախուսում:
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ քննարկում կլինի նաև փետրվարի 28-ին, ժամը 16.00-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում (հասցե՝ ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ, 806 սենյակ):
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` http://scs.am/files/naghagits-ardyunavetutyun.pdf:
Առաջարկությունները կարող եք ուղարկել info@scs.am էլեկտրոնային հասցեին:
Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել 210-140 (122) համարով, աշխատանքային օրերին, ժամը 14.00-17.00: