ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ասուլիս՝ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում

22.01.2014

Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը` «2014 թ. գերակա խնդիրները և ծրագրերը» թեմայով:

Կոմիտեի նախագահը նախ համառոտ ներկայացրեց 2013 թվականի գործունեության արդյունքները: Նա նշեց, որ Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվել է «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,  կառավարություն են ներկայացվել «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը եւ Գիտության ոլորտ երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը:

Անցած տարին ծանրաբեռնված է եղել մրցույթների առումով. հայտարարվել եւ կազմակերպվել է 11 մրցույթ, որից 3-ը՝ միջազգային: Հանրապետական նշանակության մրցույթներն անցկացվել են հետեւյալ ուղղություններով` գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորում, բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրում, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերում, երիտասարդ գիտաշխատողներին եւ ասպիրանտներին աջակցություն, ինչպես նաեւ` Արցախի գիտաշխատողների հետազոտությունների աջակցություն: Միջազգային մրցույթներն իրականացվել են Հիմնարար հետազոտությունների  բելառուսական հանրապետական հիմնադրամի, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի եւ Ռուսաստանյան հումանիտար գիտական հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում՝ գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի ֆինանսավորման նպատակով:

Նախորդ տարվա ընթացքում կազմակերպվել է 2012 թ. վերջին հայտարարված մրցույթների հայտերի գիտական փորձաքննությունն ու ամփոփվել են արդյունքները, բարեփոխումներ են կատարվել մրցույթների կազմակերպման գործընթացում:

Ս. Հարությունյանը նշեց, որ 2013 թ. ընթացքում իրականացվել են պետական բյուջեում ընդգրկված թվով 13 գիտական եւ գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրեր՝ 1.536.726,3 դրամի չափով, կոմիտեի միջոցով ֆինանսավորվել են՝ երիտասարդ գիտնականների 3 դպրոցներ (5 մլն դրամ),  30 գիտական միջոցառում,  իրականացվել են հայ գիտնականների միջազգային գործուղումներ:

Միջազգային համագործակցության նպատակով Գիտության պետական կոմիտեն ստորագրել է 6 փաստաթուղթ՝ Ուկրաինայի գիտության, ինովացիայի եւ ինֆորմատիզացիայի հարցերով պետական գործակալության,  Բելառուսի Հանրապետության գիտության եւ տեխնոլոգիաների պետական կոմիտեի, Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի, Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի, «Նոր տեխնոլոգիաների մշակման եւ առեւտրայնացման  կենտրոնի զարգացման հիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպության (ՌԴ) հետ:

Ս. Հարությունյանն ուրախությամբ արձանագրեց, որ հաջողությամբ ավարտվել են ԱՐԵԱԼ արագացուցչի հիմնական համակարգերի փորձարկում­ները:  2013թ. դեկտեմբերի 20-ին «Քենդլ» սինքրոտրոնային հետազո­տու­թյունների ինստիտուտում ստացվել է ԱՐԵԱԼ գծային արագացուցչի առաջին էլեկտրոնային փունջը: Սա կարևոր նվաճում է, որը Հայաստանում արագացուցչային տեխնոլոգիաների, ինչպես նաև գիտության և տեխնիկայի բնագավառում դրանց կիրառություն­ների ուղղությամբ ժամանակակից հետազոտությունների նոր հորիզոններ կբացի:

2014 թ. կշարունակվեն «Քենդլ» նախագծի հետ կապված միջոցառումները, մասնավորապես, նախատեսվում են հողհատկացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման ընդունում, միջազգային համագործակցության ամրապնդման նպատակով այցելություններ ԱՄՆ, Չինաստան, համագործակցության պայմանագրերի եւ հուշագրերի կնքում, նաեւ` մասնակցություն Եվրոպական գիտական ֆորումին, որտեղ լինելու են զեկուցումներ եւ քննարկումներ նախագծի վերաբերյալ:

2014 թ. նախատեսվում են բարեփոխումներ իրավական դաշտում, մասնավորապես՝ ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել մի շարք որոշումների նախագծեր, այդ թվում`գիտական հիմնարկներն ըստ արդյունավետության դասակարգելու գնահատման չափանիշների, գիտական կազմակերպությունների բազային ֆինանսավորման սկզբունքների եւ չափանիշների սահմանում, Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման նոր հայեցակարգերի մշակում:

2014 թ. Գիտության պետական կոմիտեն կհայտարարի նոր մրցույթներ` կապված ասպիրանտների աջակցության, գիտական սարքեր եւ սարքավորումներ ձեռք բերելու հետ, ինչպես նաեւ համատեղ մրցույթ՝ Ուկրաինայի հետ: Զուգահեռաբար կամփոփվեն 2013 թ. վերջում հայտարարված մրցույթների արդյունքները:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին