Համաձայնագիրը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ սահմանադրական դատարանում դռնբաց դատական նիստում քննարկվել է 2016 թ. մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:
Նիստում ուսումնասիրվել են գործով զեկուցողի գրավոր հաղորդումը և ՀՀ Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի գրավոր բացատրությունը, հետազոտվել են համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը: Նույն օրը հրապարակվել է «2016 թ. մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով» N ՍԴՈ-1297 որոշումը, ըստ որի` համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը:
Հիշեցնենք, որ ս.թ. մայիսի 19-ին Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» միության ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագիրը»: Փաստաթուղթը Հայաստանին թույլ է տալիս ընդլայնել Եվրոպական միության հետ համագործակցությունը տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող հետազոտությունների և նորարարության ուղղություններով:
Համաձայնագրի շնորհիվ ՀՀ հետազոտական ինստիտուտները, համալսարաններն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել Հորիզոն-2020-ի կողմից տրամադրվող բոլոր հնարավորություններից ամենատարբեր ոոլորտներում՝ հիմնարար գիտական բնագավառից մինչև ցուցադրական նախագծեր, նույն՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով: Հայաստանյան ՓՄՁ-ներն ու մասնավոր սուբյեկտերը նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված աջակցությունից՝ նոր գաղափարներ մշակելու և նոր արտադրատեսակներ և ծառայություններ շուկա ներմուծելու նպատակով: