ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջան Դուբնայում

07.04.2016

Ապրիլի 4-6-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը ՌԴ Դուբնա քաղաքում մասնակցել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջանին:

Նստաշրջանի հիմնական թեման ՄՀՄի 60-ամյակին նվիրված միջոցառումներն էին, ինչի առիթով հնչել են շնորհավորանքներ:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են ՄՀՄԻ գիտական խորհրդի 119-րդ նստաշրջանի առաջարկությունները, ապրիլի 1-2-ը կայացած ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նիստի արձանագրությունը, 2015 թ. գործունեության արդյունքներն ու բյուջեի կատարողականը, ֆինանսական հարցերով լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նախագահին կից աշխատանքային խմբի կողմից իրականացվելիք աշխատանքների 2016-2017 թթ. ժամանակացույցը:

Նստաշրջանի ընթացքում քննարկվել են նաև 2016 թ. գիտահետազոտական գործունեության ծրագրերը, վերլուծվել են ՄՀՄԻ 2010-2016 թթ. զարգացման 7-ամյա պլանի ուղղությամբ իրականացվող ընթացիկ աշխատանքները:

Նստաշրջանի օրակարգում էր նաև NICA ծրագրի կարգավիճակի թեման, որը ներկայացրեց ՄՀՄԻ փոխնախագահ Գ. Տրուբնիկովը: Արձանագրվեց, որ NICA համալիրի ստեղծման աշխատանքները՝ արագացուցչային բլոկի կառուցում, դետեկտորների ստեղծում, ենթակառուցվածքի զարգացում, ընթանում են հաջողությամբ: Ընդգծվեց NICA ծրագիրը սահմանված ժամկետներում իրագործելու և ծրագրի հետ կապված միջազգային համագործակցության զարգացման ու արտասահմանյան խմբերի ներգրավման կարևորությունը:

Նստաշրջանի ընթացքում Վիկտոր Անատոլիի Մատվեևը միաձայն ընտրվել է ՄՀՄԻ տնօրեն:

Առաջարկվել է ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հաջորդ նստաշրջանն անցկացնել 2016 թ. նոյեմբերի 25-26-ը: 

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին