ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայտարարվել է երիտասարդ գիտնականների հետազոտական աշխատանքների աջակցության մրցույթ

30.09.2009

Հ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն, Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը և ԱՄՆ քաղաքացիական հետազոտությունների և մշակումների հիմնադրամը «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր–2009» շրջանակներում հայտարարել են երիտասարդ գիտաշխատողների համատեղ մրցույթ` բնական, ճշգրիտ և տեխնիկական գիտությունների բնագավառներում: Գիտական եւ գիտատեխնիկական մյուս բնագավառների համար մրցույթը հայտարարվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից:

 

Ծրագիրը նպատակ ունի նպաստել երիտասարդ հետազոտողներին բարձր մակարդակի գիտական աշխատանքների իրականացմանը եւ նրանց ինտեգրմանը համաշխարհային գիտական հանրությանը՝ միջազգային գիտաժողովներին, սեմինարներին և աշխատանքային խորհրդակցություններին մասնակցելու միջոցով:

 

Ծրագրի շրջանակներում մրցութային հիմունքներով ՀՀ ՊՈԱԿ-ներում անհատական կամ խմբային հետազոտական աշխատանքներով զբաղվող մինչև 35 տարեկան գիտնականներին և հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ գիտնականների խմբերին աջակցելու նպատակով կհատկացվի  31 դրամաշնորհ: Եւս 13 դրամաշնորհ նախատեսում է տրամադրել Գիտության պետական կոմիտեն ՀՀ գիտական կազմակերպությունների ասպիրանտներին և հետազոտական գործունեությամբ զբաղվող երիտասարդ հետազոտողների խմբերին:


Նշենք նաեւ, որ մրցույթի համար նախադրյալները սահմանվել էին ս.թ. սեպտեմբերի 8-ին ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ի եւ ԳԱՏԱՀ-ի միջեւ կնքված «Համատեղ գործունեության պայմանագրով»:


Մրցույթի համար հայտերը կընդունվեն մինչև հոկտեմբերի 30-ը, իսկ մրցույթի արդյունքները նախատեսվում է հրապարակել դեկտեմբերի 10-ին: Դրամաշնորհի արժանացած հայտերը կընտրվեն նախագծերի անկախ փորձաքննության արդյունքում և պայմանավորված կլինեն բացառապես մրցույթին ներկայացված հայտի գիտական արժանիքներով։

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին