ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սամվել Հարությունյանը Իրատես de facto-ում մասնակցեց կլոր սեղանի

13.07.2011

Հուլիսի 12-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը մասնակցել է կլոր սեղանի «Իրատես de facto» ակումբում:

 

Կլոր սեղանի թեման էր գիտության արդի վիճակը, ռազմավարական ծրագրերը եւ իրականացվող բարեփոխումները:

 

Կլոր սեղանի մյուս մասնակիցներն էին կենսաբանական գիտությունների դոկտոր Լեւոն Եպիսկոպոսյանը եւ ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Լավրենտի Հովհաննիսյանը:

 

Քննարկումն սկսվեց ոլորտի վերաբերյալ կոմիտեի նախագահի համառոտ անդրադարձով. ներկայացվեցին որակական եւ քանակական վերլուծական տվյալներ:

 

Մյուս մասնակիցները եւս ներկայացրեցին իրենց դիրքորոշումը եւ մտահոգող հարցերը, առաջ քաշեցին գիտության ֆինանսավորմանը եւ կազմակերպմանը վերաբերող մի շարք արդիական հիմնախնդիրներ՝ այդ թվում գիտություն-կրթություն կապի խզմանը վերաբերող հարցեր,  ասպիրանտական կրթության կազմակերպչական խնդիրներ, ինչպես նաեւ հայագիտությանը, որպես գերակա ուղղության, առանձնահատուկ տեղ հատկացնելուն վերաբերող հարցադրումներ:

 

Կոմիտեի նախագահն իր հերթին ներկայացրեց պետության դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ՝ նշելով, որ կառավարությունն արդեն իսկ ընդունել է գիտության զարգացման ռազմավարական 5-ամյա ծրագիրը, հայագիտությունն իսկապես ընդունված է որպես գերակայություն եւ որ հայագիտության զարգացման ռազմավարական ծրագրի նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարության քննարկմանը: 

Եվ վերջում, կոմիտեի նախագահը հավելեց, որ անհրաժեշտ է լինել ավելի ակտիվ, մասնակցել պետության կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթներին եւ ավելի գործնական քայլեր ձեռնարկել կրթություն-գիտություն-արտադրություն կապն ամրապնդելու համար:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին