Հարցեր՝ ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման վերաբերյալ
1. Ո՞վ կարող է դառնալ միջոցառման շահառու:
Շահառու կարող են դառնալ ՀՀ այն քաղաքացիները, որոնք ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպության աշխատակից են առնվազն 2 տարի:
2. Նոր ստեղծված առևտրային կազմակերպության աշխատակիցը կարո՞ղ է դառնալ շահառու:
Ոչ: ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը պետք է ՀՀ-ում գոյություն ունենա առնվազն 5 տարի, և այդ 5 տարվա ընթացքում ունեցած լինի առնվազն 100 աշխատակից:
3. Արդյո՞ք այս կարգի շրջանակում պետության կողմից տրամադրվում է ամբողջական կրթաթոշակ:
Ոչ, պետությունը տրամադրում է ամեն տարվա համար առնվազն 10 մլն ՀՀ դրամ այն դեպքում, երբ առևտրային կազմակերպությունը պարտավորվում է տրամադրել կրթաթոշակի 50%-ը:
4. Արդյո՞ք օտարերկրյա ցանկացած բուհ ընդունվելիս կարող ենք դիմել փոխհատուցում ստանալու համար:
Ոչ: Խոսքն այն բուհերի մասին է, որոնք ընդգրկված են http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում, մասնավորապես՝ առաջին 65-ում՝ բակալավրի, առաջին 75-ում՝ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի պարագայում։
5. Ո՞ր դեպքում կարող է դադարեցվել կրթաթոշակի տրամադրումը:
Կրթաթոշակի տրամադրումը կարող է դադարեցվել, եթե ուսանողը կիսատ է թողնում ուսումը կամ տեղափոխվում է այնպիսի ուսումնական հաստատություն, որը չի բավարարում վերոնշյալ պայմաններին (ընդգրկված չէ http://www.shanghairanking.com կայքի տվյալ տարվա ցանկերում):
6. Ի՞նչ պարտավորություններ ունի կրթաթոշակի շահառու ուսանողը ուսման ավարտից հետո:
Կրթաթոշակի շահառու ուսանողը պարտավոր է ուսման ավարտից հետո առնվազն 3 տարի աշխատել տվյալ առևտրային կազմակերպությունում այն մասնագիտությամբ, որն ուսանել է:
7. Ի՞նչ հետևանքներ են առկա ուսումը կիսատ թողնելու, ուսման ավարտից հետո ՀՀ չվերադառնալու կամ ՀՀ վերադառնալուց հետո աշխատանքն այլ գործատուի մոտ շարունակելու դեպքում:
Նշված դեպքերում գործատուն պարտավորվում է ՀՀ պետական բյուջե վճարել կարգով սահմանված հրաժարագին: Միաժամանակ գործատուները, իրենց հայեցողությամբ, սովորողի անձնական պատասխանատվությանն առնչվող դրույթներ կարող են ներառել հանձնառության պայմանագրում, որը ուսումն սկսելուց առաջ կնքվում է գործատուի և ուսանողի միջև:
8. Կարո՞ղ է ուսանողը դառնալ սույն կարգի շահառու երկրորդ անգամ:
Նույն կրթական աստիճանով (օրինակ՝ բակալավր) սովորելու համար կրթաթոշակը տրամադրվում է միայն մեկ անգամ, սակայն ուսանողը, որը բակալավրի կրթական աստիճանով ուսումնառության համար ստացել է կրթաթոշակ, կարող է ստանալ նաև մագիստրատուրայի և ասպիրանտուրայի համար:
Մանրամասն տե՛ս՝ այստեղ