ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Իրան եւ Կովկաս» պարբերականը 15 տարեկան է

01.07.2011

Հուլիսի 1-ին Երեւանում աշխատանքն սկսեց  «Իրան եւ Կովկաս» միջազգային պարբերականի 15-ամյակին նվիրված  2-օրյա գիտաժողովը, որին մասնակցում են տասնչորս երկրներից ժամանած ավելի քան հիսուն եւ քսան տեղացի գիտնականներ:

 

Գիտաժողովի բացմանը Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ Վ. Սահակյանը: Հայ ազգային ժառանգության ու ինքնության հարցերը միջազգային լսարանին ընկալելի դարձնելու գործում նա կարեւորեց հումանիտար եւ հասարակական գիտությունների ոլորտում միջազգային պարբերականների ստեղծումը՝ այս առումով որպես լավագույն օրինակ մատնանշելով «Իրան եւ Կովկաս» միջազգային պարբերականը:  Այնուհետեւ նա ներկայացրեց նման պարբերականների ստեղծման ուղղությամբ Գիտության պետական կոմիտեի կողմից նախատեսվող եւ իրականացվող միջոցառումները:

 

Գիտաժողովի բացմանը ելույթ ունեցան նաեւ «Իրան և կովկաս» միջազգային պարբերականի խմբագիր Գառնիկ Ասատրյանը, անվանի գիտնականներ ու հետազոտողներ:

 

Անգլերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն լեզուներով հրատարակվող «Իրան եւ Կովկաս»-ը հայաստանյան  միակ միջազգային գրախոսվող, ազդեցության գործակից ունեցող, արեւելագիտական/հասարակագիտական պարբերականն է: Այն նաեւ աշխարհում ամենահեղինակավոր եւ առավել հստակ պարբերականությամբ հրատարակվող արևելագիտական ակադեմիական հանդեսներից  է։

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին