Հանդիպում «Սկոլկովո» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Փետրվարի 6-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում «Սկոլկովո» հիմնադրամի ներկայացուցիչներ Ալեքսանդր Օկունևի (ԱՊՀ անդամ երկրների զարգացման ինստիտուտների ՌԴ համագործակցության ղեկավար) և Մարինա Ուդաչինայի (Ինովացիաների, ենթակառուցվածքների և ներդրումների ինստիտուտի տնօրեն) հետ:
Բացման խոսքում ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նշեց, որ այս հանդիպումն առաջին քայլն է կոմիտեի և «Սկոլկովո» հիմնադրամի միջև ստորագրված համագործակցության ուղղությամբ և համոզմունք հայտնեց, որ այն կլինի երկարատև և փոխշահավետ, հատկապես Հայաստանի Հանրապետության՝ Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցության պայմաններում:
Ալեքսանդր Օկունևը ներկայացրեց «Սկոլկովո» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և այլ երկրների ու գիտական կոլեկտիվների հետ համագործակցության արդյունքները: Ներկայացվեցին նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և մասնավոր հատվածի համաֆինանսավորման սկզբունքով իրականացված կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված ութ ծրագրերի արդյունքներ: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում, նախանշվեցին հետագա համագործակցության ուղիները: