Քննարկվել են «Արդյունավետ գիտաշխատող-2016» մրցույթի արդյունքները
Սեպտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողներին հավելավճարի տրամադրման հայտերի ընտրության մրցույթի արդյունքները համակարգող մասնագիտական փորձագիտական խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարը նշել է, որ մրցույթն ընթացել է թափանցիկ և դրական մթնոլորտում: Նա նաև նշել է, որ պետք է վերլուծել մրցույթի արդյունքները` արձանագրելով, թե որ բնագավառներում են առկա հայտերի ավելացում և նվազում և աշխատել այդ ուղղությամբ:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը ներկայացրել է մրցույթի արդյունքների մասին ամփոփ տեղեկատվությունը, մասնավորապես՝ տեղեկացրել է, որ մրցույթը վերաբերում է վերջին 10 տարիների ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած գիտնականներին: Ընտրության համար հաշվի են առնվում 8 տարբեր չափանիշներ` հոդվածների թիվը, որ ամսագրերում են տպագրվել, հղումների քանակը, ունեցած ասպիրանտերի թիվը, շահած դրամաշնորհների քանակը և այլն:
Կոմիտեի նախագահը տեղեկացրել է նաև, որ հայտեր են ընդունվել 6 բնագավառի ուղղությամբ, որի արդյունքում ամենաբարձր ցուցանիշներ են արձանագրվել բնագիտական ոլորտում: Սամվել Հարությունյանի խոսքով` մրցույթի ընթացքում հիմնականում հաշվի է առնվել գիտնականի ակտիվությունը:
Հիշեցնենք, որ մրցույթն ամենամյա է և իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով: Մրցույթի արդյունքում` ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված առավել բարձր արդյունավետությամբ աշխատող մինչև 100 գիտաշխատողներին 1 տարի ժամկետով կտրամադրվի ամսական 135 000 ՀՀ դրամ` հավելավճարի տեսքով:
Մրցույթին կարող են մասնակցել 2016 թվականի մայիսի 30-ի դրությամբ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված և առնվազն 7 տարվա գիտական կամ գիտամանկավարժական գործունեության աշխատանքային ստաժ ունեցող անձինք:
Մրցույթի մասնակիցը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշտական բնակիչ և հավելավճար ստանալու ընթացքում առնվազն 6 ամիս բնակվի Հայաստանում:
Մրցույթի շրջանակներում կատարվող աշխատանքները կազմակերպվում են ՀՀ ԿԳՆ գիտության պետական կողմից, իսկ գիտական և գիտատեխնիկական գործունեության մասնագիտական հարցերի համակարգումը` մասնագիտական փորձագիտական խորհրդի կողմից: