ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄԳՏԿ նստաշրջան Աստանայում

24.06.2016

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հունիսի 20-ից 22-ը Աստանայում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցել է Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 62-րդ նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագրի շրջանակներում իրականացված գործողությունները, նախորդ նստաշրջանների արձանագրությունները, Աստանայում ՄԳՏԿ գրասենյակի 2015թ. գործունեությունը, 2015թ. բյուջեի հաշվետվությունը, 2016թ. բյուջեն, ՄԳՏԿ շրջանակներում անցկացվող նպատակային ծրագրերի բնագավառների հստակեցման և համաֆինանսավորման կարգի հետ կապված հարցեր, ինչպես նաև «Ապագայի էներգիա» խորագրով Expo 2017-ին ՄԳՏԿ փորձագետների մասնակցության  հնարավորությունը:

Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի կառավարիչների խորհրդի 62-րդ նիստին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը հանդես է եկել տարածաշրջանային նպատակային ծրագրերին նվիրված ելույթով: Ս. Հարությունյանն իր ելույթում նշել է, որ անհրաժեշտ է հստակեցնել ՄԳՏԿ շրջանակներում մրցույթների հայտարարման, գիտական փորձաքննության և գիտական նախագծերի կարգը, պայմաններն ու չափորոշիչները, ինչպես նաև  ֆինանսավորման բաշխումը ՄԳՏԿ անդամ պետությունների միջև:

Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 63-րդ նիստին հստակեցնել  գիտական նախագծերի ընտրման չափորոշիչների և ֆինանսավորման կարգի պայմանները, ինչպես նաև ներկայացնել առաջարկություններ փորձագիտական միասնական համակարգի ստեղծմանը նպաստող քայլերի ուղղությամբ:

ՄԳՏԿ աշխատանքային խմբին առաջարկվել է  կանոնադրության նախագծի վերջնական տարբերակը լրամշակել` ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի հանդիպմանը ներկայացնելու նպատակով:

Առաջարկվել է նաև ՄԳՏԿ կառավարիչների խորհրդի 63-րդ նիստն անցկացնել 2016թ. դեկտեմբերի 6-ից 7-ը Թբիլիսիում (Վրաստան):