ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Սեմինար ԳՊԿ-ում

26.07.2011

Հուլիսի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ սեմինար, որին մասնակցում էին Գիտատեխնիկական խորհրդի, Գիտության պետական կոմիտեի եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Սեմինարը վարում էր ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը:

 

Առաջին զեկույցը՝ «Սահմանների/տարածքների անվտանգության պահպանման համակարգ՝  լայն հաճախային տիրույթում գործող (այդ թվում՝ քվազի-ստացիոնար) նանո մասշտաբի  դիրքի  շեղում  գրանցող  նոր տվիչների  հիման  վրա» թեմայով, ներկայացրեց  ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր Սամվել Գեւորգյանը («Ճշգրիտ տվիչներ/սարքավորումներ» (PSI) ՍՊԸ): Թեմայի շուրջ ծավալվեցին քննարկումներ, մասնավորապես, Գիտատեխնիկական խորհրդի անդամներ Կ. Կարապետյանի եւ Ա. Տեր-Մարտիրոսյանի մասնակցությամբ: Արդյունքում որոշվեց զեկույցում ներկայացված հարցն ընդգրկել Գիտատեխնիկական խորհրդի առաջիկա նիստի օրակարգում:

 

Երկրորդ զեկույցը վերաբերում էր Քվանտային ինֆորմացիոն տեխնոլոգիաներին:  Թեման ներկայացրեց  ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածու Սայաթնովա  Թամարյանը (Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա): Նրա ներկայացրած նախագծի նպատակն է մշակել քվանտային Թելեփորթ կոչվող երեւույթի վրա հիմնված հաղորդակցության տեխնոլոգիա, որով փոխանցվող ինֆորմացիան սկզբունքորեն անհնար է կրկնօրինակել, գաղտնալսել կամ աղավաղել:

 

Այս թեման նույնպես աշխույժ քննարկումների առիթ դարձավ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին