ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Փաստարկ» ակումբի հյուրը Գիտության պետական կոմիտեի նախագահն էր

25.06.2010

Այսօր «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը «Գիտական գործունեության կազմակերպման նոր մեխանիզմները» թեմայով:

 

Ասուլիսի նպատակն էր ներկայացնել գործնական մեխանիզմներ, որոնք այսօր իրականացվում են ՀՀ–ում գիտական գործունեության կազմակերպման ոլորտում:

 

Կոմիտեի նախագահն անդրադարձավ ՀՀ-ում գիտական կենտրոնների ստեղծման գործընթացին՝ նշելով, որ գիտական կենտրոնների ստեղծման նպատակն է կազմակերպությունների գիտական հետաքրքրությունների ընդհանրացումը, գիտական ներուժի, նյութատեխնիկական բազայի, տարածքների, վարչասպասարկող անձնակազմի օպտիմալացումը, ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը եւ այլն:

 

Գիտական կենտրոնները ձեւավորվում են ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25 N 1555-Ն որոշման համաձայն: Գիտական կենտրոններ ձեւավորելու գործընթացը կանոնակարգում է Գիտության պետական կոմիտեն:

 

Որպես միջազգային գիտական կենտրոնի օրինակ՝ կոմիտեի նախագահն անդրադարձավ Քենդլ միջազգային կենտրոնի գործունեությանը. «Քենդլ» նախագծի նպատակն է Հայաստանում ստեղծել առնվազն հինգ փորձարարական կայաններով գիտական կենտրոն, որտեղ գիտնականները ինտենսիվ լուսային հոսքի օգնությամբ հնարավորություն կունենան հետազոտելու մոլեկուլներ, կենսաբանական օբյեկտներ եւ նյութեր: Արդյունքում կկառուցվի շրջակա միջավայրի համար լրիվ անվտանգ արագացուցչային կենտրոն, որն աննախադեպ կլինի հետխորհրդային, Արեւելյան Եվրոպայի և Մերձավոր Արեւելքի տարածաշրջաններում», -նշեց կոմիտեի նախագահը:

 

Որպես գիտական գործունեության կազմակերպման կարեւոր գործոն պարոն Հարությունյանը անդրադարձավ նաեւ ֆինանսավորման նոր կարգերի ընդունման հարցերին, որոնք կնպաստեն գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, կհստակեցնեն առկա ֆինանuավորման ձեւերը, դրանց հատկացման չափանիշները եւ մեխանիզմները` ապահովելով համապատաuխան չափորոշիչներով միջոցների հաuցեագրված հատկացումը ու դրանց օգտագործման պատաuխանատվության բարձրացումը: Բացի այդ, հնարավորություն կստեղծվի արդյունավետ վերահսկողություն իրականացնել ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեությանը հատկացված ֆինանuական միջոցների օգտագործման նկատմամբ:

 

Նոր կարգերի ներդրմամբ կամրագրվի արդեն իսկ փորձարկված գիտական փորձաքննություն իրականացնող փորձագետների համակարգը, ինչպես նաեւ գիտական  ծրագրերի հայտերի եւ իրականացվող ծրագրերի հաշվետվությունների գնահատման միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննության կարգը:

 

«Կարեւորելով միջազգային համագործակցության զարգացման դերը գիտության զարգացման ոլորտում ընդհանրապես, կոմիտեն աշխատանքներ է տանում գիտության ոլորտում նոր միջազգային կապեր հաստատելու, միջազգային դրամաշնորհային մրցույթներ հայտարարելու ուղղությամբ», -նշեց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին