Նոր հորիզոններ գիտության ոլորտում` «Հորիզոն-2020»
Մայիսի 25-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը` «Նոր հորիզոններ գիտության ոլորտում` «Հորիզոն-2020»» թեմայով:
Ասուլիսի ժամանակ ԳՊԿ նախագահը լրագրողներին մանրամասն ներկայացրեց ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին համաձայնագիրը, անդրադարձավ այդ համաձայնագրի կնքմամբ մեր երկրի գիտական հանրության առաջ բացվող հնարավորություններին ու ծրագրին Հայաստանի անդամակցության պայմաններին:
ԵՄ հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն-2020» (2014-2020) շրջանակային ծրագիրը գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման աջակցության համաեվրոպական մասշտաբի 8-րդ ծրագիրն է: Ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության համաձայնագրի կնքման բանակցությունները սկսվել են դեռևս 2013 թ. հուլիսին: 2015 թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը N 1255–Ա որոշմամբ համաձայնություն է տվել այդ համաձայնագրի կնքմանը: Համաձայնագիրն ստորագրվել է 2016 թ. մայիսի 19-ին, Բրյուսելում, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի կողմից:
ԳՊԿ նախագահը նշեց, որ «Հորիզոն-2020»-ին Հայաստանի մասնակցությունը հանրապետության գիտական կազմակերպություններին, բուհերին, ինչպես նաև անհատ գիտնականներին ու ասպիրատներին հնարավորություն կտա մասնակցել գիտության և տեխնիկայի զարգացման արդի մակարդակին համապատասխանող ամենաառաջնակարգ և կարևորագույն հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը, խոշորամասշտաբ միջազգային գիտական համագործակցություններին, օգտվել եվրոպական գիտական կազմակերպությունների և համալսարանների ենթակառուցվածքներից, բարձրացնել տեխնոլոգիական ու նորարարական ունակությունները, գիտական հետազոտությունների մակարդակն ու արդյունավետությունը, ընդգրկվել գիտական և գիտատեխնիկական կադրերի պատրաստման ու վերապատրաստման եվրոպական ծրագրերում, ավելացնել հանրապետության գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի արտաբյուջետային ֆինանսավորման ծավալները և այլն:
Ս. Հարությունյանը մեջբերեց համաձայնագրի կնքման ժամանակ Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի խոսքերը. «Հայաստանն ունի Եվրոպայից սովորելու և եվրոպական փորձը հարստացնելու գիտական մեծ պատմություն: Պատմություն, որը համընդհանուր ճանաչում է ստացել ֆիզիկայի ոլորտում ունեցած իր ներդրումների համար, և պատմություն, որը ներկայումս նոր հաջողություններ է արձանագրում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են նանոտեխնոլոգիաները և բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաները»:
Պարոն Հարությունյանը նշեց, որ «Հորիզոն-2020»-ի ընդհանուր ֆինանսական ծավալները կազմում են շուրջ 80 մլրդ եվրո՝ յոթ տարվա համար: Ծրագրի միջոցով ֆինանսավորվելու են գիտական հետազոտությունների, էներգետիկայի, արդյունաբերության, նորարարության, նոր տեխնոլոգիաների, փոքր և միջին ձեռնարկությունների գործունեության խթանման բնագավառների հայտեր:
Ծրագրի շրջանակներում ֆինանսավորումը հատկացվելու է միայն մրցութային հիմունքներով, որոնց իրավունք ունեն մասնակցելու ԵՄ անդամ-պետությունները և դրանց իրավասության տակ գտնվող 21 «անդրծովյան երկրներն ու տարածքները», «Հորիզոն-2020» ծրագրին ասոցացված երկրները (թվով` 16), ևս 134 երկրներ (2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ)՝ բացառությամբ այն դեպքերի, երբ հրավերի պայմաններով այս կամ այն երկրի մասնակցությունը բացառվում է:
Ծրագրին մասնակցելու համար կազմակերպություններին առաջադրված միակ պայմանը բարձր մակարդակի հետազոտությունների իրականացման ունակությունն է: Ինչպես նշեց ԳՊԿ նախագահը՝ այդ իմաստով հայաստանյան բոլոր գիտական կազմակերպությունները և բուհերը բավարարում են «Հորիզոն-2020»-ի պահանջներին ու արդեն իսկ մասնակցում են ծրագրի մրցույթներին: «Հորիզոն-2020»-ին նախորդող 7-րդ շրջանակային ծրագրով հայաստանյան կազմակերպությունները մասնակցել են 35 ստորագրված նախագծերում: «Հորիզոն-2020»-ի շրջանակներում Հայաստանն արդեն իսկ հանդիսանում է հինգ նախագծերի մասնակից: Պարզապես, եթե մինչև այժմ Հայաստանը մասնակցել է «Հորիզոն-2020»-ին միայն երրորդ երկրների շարքում, այսինքն` հայաստանյան իրավաբանական և ֆիզիկական անձինք չեն օգտվել ծրագրի մի շարք կարևոր բաղադրիչներից, ՀՀ ներկայացուցիչները չեն ունեցել մուտք դեպի քաղաքական ուղղությունների պատասխանատու առանցքային մարմիններ, ապա համաձայնագրի շնորհիվ ՀՀ հետազոտական ինստիտուտները, համալսարաններն ու անհատ հետազոտողները կկարողանան օգտվել բոլոր հնարավորություններից ամենատարբեր ոլորտներում՝ հիմնարար գիտական բնագավառից մինչև ցուցադրական նախագծեր՝ ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված գործընկեր մյուս երկրների կազմակերպությունների և անհատ հետազոտողների համար նախատեսված պայմաններով: Հայաստանյան ՓՄՁ-ներն ու մասնավոր սուբյեկտները նույնպես հնարավորություն կունենան օգտվելու ընդլայնված աջակցությունից՝ նոր գաղափարներ մշակելու և նոր արտադրատեսակներ ու ծառայություններ շուկա ներմուծելու նպատակով:
Ավարտելով իր խոսքը՝ Գիտության պետական կոմիտեի նախագահը կոչ արեց հայաստանյան գիտական կազմակերպություններին, բուհերին և, ընդհանրապես, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված ֆիզիկական և իրավաբանական անձանց լինել առավել ակտիվ «Հորիզոն-2020» ծրագրի մրցույթներին մասնակցելու գործում: Նա կոմիտեի կողմից պատրաստակամություն հայտնեց այդ գործում ցուցաբերել համակողմանի աջակցություն:
Ասուլիսի վերջում Սամվել Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես, անդրադառնալով ռազմարդյունաբերության ոլորտում Հայաստանի ունեցած հնարավորությունների վերաբերյալ հարցին՝ Ս. Հարությունյանը ներկայացրեց այդ ուղղությամբ Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը՝ նշելով, որ Հայաստանն այդ ոլորտում բավականին փորձ ու հնարավորություններ ունի:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին