ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հերթական հանդիպումը Դուբնայում

29.03.2017

Մարտի 27-28-ը ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը գործուղվել էր ՌԴ Դուբնա քաղաք` Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Նիստերի ընթացքում ՄՀՄԻ տնօրեն Վիկտոր Մատվեևը ներկայացրել է ինստիտուտի 2016 թ. գործունեության արդյունքներն ու 2017 թ. փետրվարին տեղի ունեցած ՄՀՄԻ գիտական խորհրդի 121-րդ նստաշրջանի հանձնարարականները, ինստիտուտի գլխավոր գիտական քարտուղար Ն. Ռուսակովիչը զեկուցել է ՄՀՄԻ 2010-2016 թթ. 7-ամյա զարգացման պլանի իրականացման մասին: Քննարկվել են մարտի 23-25-ը կայացած ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նիստի արձանագրությունը,  2016 թ. գործունեության արդյունքներն ու բյուջեի կատարողականը, ինչպես նաև 2017 թ. գիտահետազոտական գործունեության ծրագրերը:

Նստաշրջանում  շնորհավորանքներ են հնչել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայում սինթեզված նոր գերծանր oganesson, moskovium և tennessine տարրերի անվանակոչման առիթով: Այդ կապակցությամբ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը հանդես է եկել գերծանր տարրերի բացահայտման վերաբերյալ զեկույցով: 

Դուբնա էր գործուղվել նաև ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը` ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նստաշրջանին մասնակցելու նպատակով: Ֆինանսական կոմիտեի նիստերում քննարկվել են ՄՀՄԻ 2017 թ. գիտահետազոտական գործունեության ծրագրերի ֆինանսավորումը, յուրաքանչյուր անդամ-պետության համար նախատեսված անդամավճարների հաշվարկման մեթոդաբանությունը 2018-2020 թթ. համար, ՄՀՄԻ 2016 թ. բյուջեի և ՄՀՄԻ զարգացման 7-ամյա պլանի կատարողականները և այլն:

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նիստում հանդես է եկել ՄՀՄԻ ֆինանսական հարցերով լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նախագահին կից աշխատանքային խմբի կազմի  ռոտացիայի  հարցը քննարկելու առաջարկությամբ:   Առաջարկությունը հավանության է արժանացել և հաստատվել ՄՀՄԻ անդամ-պետությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նիստում: 

ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հաջորդ նստաշրջանն առաջարկվել է անցկացնել  2017 թ. նոյեմբերին: