ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայաստան-Իտալիա գիտական համագործակցությանը նվիրված քննարկում Ազգային Ժողովում

14.10.2016

Հոկտեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իտալիա բարեկամական խումբը կազմակերպել էր կրթության և գիտության ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցությանը նվիրված քննարկում:

Քննարկման ժամանակ հայ-իտալական գիտական համագործակցության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը: Պարոն Սահակյանը նախ համառոտ անդրադարձավ միջազգային գիտական համագործակցության զարգացման ուղղությամբ Գիտության պետական կոմիտեի վարած քաղաքականությանը և կոմիտեի կողմից իրականացված միջոցառումներին:

Ինչ վերաբերում է գիտության ոլորտում Իտալիայի հետ համագործակցությանը, պարոն Սահակյանը նշեց. «Մեր երկու երկրները գիտական համագործակցությունն իրականացնում են հիմնականում բնական գիտությունների ոլորտում: Ընդհանուր հրապարակումների թվաքանակը 2006-2015 թթ. կտրվածքով հասել է 1638-ի, մասնավորապես՝ ֆիզիկա (1405 հրապարակում), տիեզերքի մասին գիտություններ (76 հրապարակում) և 3-րդ տեղում՝ քիմիա (73 հրապարակում): Իհարկե այդ հրապարակումների մեծ մասը վերաբերում է խոշորամասշտաբ համագործակցությունների արդյունքներին, ինչպիսին է CERN-ը

Հայաստան-Իտալիա գիտական համագործակցությունն իր ինստիտուցիոնալ ձևավորմանն է հասել 2012 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները գիտական կենտրոնների հետ անդամակցության շուրջ:

2013 թ. հուլիսի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի,  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի (ԻԿՐԱՆԵՏ) միջև ստորագրվեց  գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր։

2015 թ. փետրվարի 13-ին ՀՀ կառավարության և Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի կենտրոնների միջազգային ցանցի միջև ստորագրվեց «Հայաստանի Հանրապետությունում ԻԿՐԱՆԵՏ-ի կենտրոն հիմնադրելու մասին» համաձայնագիրը: ՀՀ ԳԱԱ կազմում բացվեց Ռելյատիվիստիկական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի գրասենյակը՝ ԻԿՐԱՆԵՏ-Հայաստան կենտրոնը, որն իրականացնում է տեսական և դիտողական հետազոտություներ ռելյատիվիստական աստղաֆիզիկայի և կոսմոլոգիայի բնագավառներում, ինչպես նաև աջակցում է ՀՀ-ում ժամանակակից գիտական ենթակառուցվածքների ստեղծմանն ու զարգացմանը: Համաձայնագրի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանային գիտական կենտրոնների հետ համատեղ հետազոտությունների խթանմանը: Կենտրոնը ԻԿՐԱՆԵՏ-ի հետ միասին ներգրավված է հետբուհական և հետդոկտորական միջազգային ծրագրերի իրականացման գործընթացում, կազմակերպում է գիտական դպրոցներ և գիտաժողովներ: 

Հաջորդը 2013 թ. մայիսի 17-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և Աբդուս Սալամի անվան տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնի միջև ստորագրված  գիտության և կրթության ոլորտում համագործակցության մասին պայմանագիրն է, ինչով ՀՀ-ն դարձել է ICTP միջազգային կենտրոնի խորհրդի անդամ: Պայմանագրի համաձայն կենտրոնը պարտավորվում է ՀՀ-ում կազմակերպել տարածաշրջանային դպրոցներ, գիտագործնական հանդիպումներ և գիտաժողովներ, աջակցել հայ ուսանողների ու ակտիվ գիտական գործունեություն ծավալող մինչև 45 տարեկան հետազոտողների այցը Իտալիա, աջակցել ՀՀ և հարևան պետությունների միջև գործող տարածաշրջանային գիտահետազոտական ցանցի զարգացմանը: Այս պայմանագրի հիման վրա Երևանում ստեղծվեց ICTP փոխկապակցված կենտրոնը ԵՊՀ-ի և ԵրՖԻ-ի բազային հիման վրա:

Բացի վերը նշվածից, ներկայումս ՀՀ և Իտալիայի հայ գիտնականների միջև գիտական համագործակցությունն իրականացվում է նաև անհատ գիտնականների և գիտական կազմակերպությունների նախաձեռնությունների մակարդակով: Օրինակ, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը շատ սերտորեն համագործակցում է Իտալիայի գիտական կառույցների հետ, մասնավորապես` Իտալիայի Տուշայի համալսարանի կենսաբանական, ագրոպարենային և անտառային համակարգերի նորարության դեպարտամենտի, Իտալիայի Ագրոմիջավայրի և ան­տառի կենսաբանության ինստիտուտի հետ: Շարունակվում է հայ գիտնականների մասնակցությունը ICTP-ի աշխատանքներին»: