2009-ին մշակված կարեւոր իրավական ակտերի մասին
Փետրվարի 26-ին «Փաստարկ» ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ «Գիտության ոլորտի կարեւոր իրավական ակտերը» թեմայով: Պարոն Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց 2009 թվականին կոմիտեի կողմից մշակված եւ կառավարություն ներկայացված կարեւոր իրավական ակտերի նախագծերը, որոնք վերաբերում են գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը, ոլորտի զարգացման գերակա ուղղություններին եւ ֆինանսավորման նոր կարգերին:
ՀՀ գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը ամրագրում է 2011-2020 թվականների հեռանկարային զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը: Այն ոլորտի ներկա վիճակի, առկա հիմնախնդիրների, հեռանկարային զարգացման նպատակների եւ ուղղությունների վերաբերյալ դրույթների ամբողջություն է եւ հիմք է հանդիսանում ՀՀ գիտության զարգացման 2011-2015 եւ 2016-2020 թվականների ռազմավարական ծրագրերի մշակման համար:
2009-ին կոմիտեում մշակված երկրորդ կարեւորագույն փաստաթուղթը վերաբերում է գիտության ոլորտի զարգացման գերակա ուղղություններին, որով սահմանվում են գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, նպատակները եւ դրանց իրականացման մեխանիզմները:
Նախորդ տարի կոմիտեում մշակվել է նաեւ ՀՀ պետական բյուջեից գիտական եւ գիտատեխնիկական գործունեությանն ուղղված ֆինանսավորման նոր ձեւեր սահմանող որոշման նախագիծը:
Պարոն Հարությունյանը նշեց, որ գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանն էր ուղղված նաեւ գիտական փորձաքննություն իրականացնող փորձագիտական համակարգի ստեղծումը եւ ներդրումը, ինչպես նաեւ՝ միջազգային չափանիշներին համապատասխան փորձաքննության կարգի կիրառումը: Դա հնարավորություն կտա գիտական ծրագրերի ընտրությունն իրականացնել բացառապես մրցութային կարգով եւ ֆինանսավորել այն գիտական ծրագրերն ու թեմաները, որոնք միտված են միջազգային մակարդակին համապատասխան արդյունքների ձեռքբերմանը:
Ասուլիսի վերջում պարոն Հարությունյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին