ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Հայ-ռուսական նոր համաձայնագիր

08.04.2013

Ապրիլի 4-ին Մոսկվայում ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի եւ «Նոր տեխնոլոգիաների մշակման եւ առեւտրայնացման  կենտրոնի զարգացման հիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպության («Սկոլկովո» հիմնադրամ) միջեւ:

 

Հայկական կողմից համաձայնագիրն ստորագրել է ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը, ռուսական կողմից՝ Հիմնադրամի իրավական եւ վարչական հարցերով ավագ փոխնախագահ Իգոր Դրոզդովը:

 

Համաձայնագրով նախատեսվում է ընդլայնել «Սկոլկովո» հիմնադրամի եւ հայ գիտնականների ու գործարարների միջեւ համագործակցությունը, որը կզարգանա հետեւյալ ուղղություններով՝  էներգետիկա եւ էներգամատակարարում, բժշկություն, բժշկական տեխնիկա, բժշկակենսաբանական եւ արդյունաբերական կենսատեխնոլոգիաներ, կենսաինֆորմատիկա եւ դեղագործություն, տեղեկատվական-հաղորդակցական եւ ավիատիեզերական տեխնոլոգիաներ, միջուկային տեխնոլոգիաներ:

 

Նախատեսվում է աջակցել ՀՀ-ում եւ ՌԴ-ում բարձրտեխնոլոգիական համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը, «Սկոլկովո» նորարական կենտրոնի տարածքում ՀՀ կորպորատիվ հետազոտական կենտրոնների, կազմակերպությունների եւ ձեռնարկությունների տեղակայմանը, համատեղ միջոցառումների կազմակերպմանն ու աջակցմանը եւ այլն:

 

Համագործակցության ժամանակ առաջնահերթությունը կտրվի մինչեւ 2020 թվականը ԱՊՀ մասնակից պետությունների նորարարական համագործակցության միջպետական ծրագրի  եւ այլ միջպետական ծրագրերի շրջանակներում իրականացվող նախագծերին:

 

Մոսկվայում պարոն Հարությունյանը հանդիպումներ է ունեցել նաեւ հիմնադրամի փորձագիտական վարչության ղեկավար Ջենիֆեր Տրոլեւիչի եւ բաժանմունքի ղեկավար, տիեզերագնաց Սերգեյ Ժուկովի հետ:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին