Կստեղծվեն եւս մի քանի գիտական կենտրոններ
Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում տեղի ունեցավ գիտական կենտրոններ ձեւավորելու գործընթացը համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին գիտության պետական կոմիտեի նախագահը (հանձնաժողովի նախագահ), ՀՀ ԳԱԱ նախագահը, ներկայացուցիչներ Գիտությունների ազգային ակադեմիայից, ՀՀ էկոնոմիկայի եւ գյուղատնտեսության նախարարություններից:
Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց կազմակերպությունների կողմից գիտական կենտրոններ ստեղծելու վերաբերյալ ներկայացված հայտերը:
Կոմիտեի նախագահը նշեց, որ գիտական կենտրոնների ստեղծման նպատակն է գիտական կազմակերպությունների կողմից իրականացվող հիմնարար, կիրառական հետազոտությունների ու մշակումների արդյունավետության բարձրացումը, գիտության, կրթության եւ արտադրության ինտեգրումը: Նշվեց նաեւ, որ որոշում ընդունելիս պետք է հաշվի առնվեն գիտական կենտրոնների ձեւավորման սկզբունքները, այն է՝ գիտական կազմակերպությունների գիտական հետաքրքրությունների ընդհանրությունը, գիտական ներուժի, նյութատեխնիկական բազայի եւ տարածքների համատեղ օգտագործումը, գիտական ներուժի եւ վարչասպասարկող անձնակազմի օպտիմալացումը, ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը եւ այլն:
Հանձնաժողովի անդամները առաջարկեցին առավել հանգամանալից ուսումնասիրել ներկայացված առաջարկները՝ հանձնաժողովի հաջորդ նիստում համապատասխան որոշումներ կայացնելու նպատակով:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին