Մասնակցություն ՄՀՄԻ հերթական նստաշրջանին
Մարտի 24-ից 25-ը ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը ՌԴ Դուբնա քաղաքում մասնակցել է՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների հանձնաժողովի նստաշրջանին:
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են ՄՀՄԻ գիտական խորհրդի 117-րդ նստաշրջանի առաջարկությունները, ՄՀՄԻ 2014թ. գործունեության արդյունքներն ու բյուջեի կատարողականը, ս.թ. մարտի 23-ից 24-ը կայացած ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի նիստի արդյունքները, CERN-ի գիտատեխնիկական ձեռքբերումները, CERN-ՄՀՄԻ 50-ամյա համագործակցության արդյունքները և այլ հարցեր:
Հաստատվել են ՄՀՄԻ ֆինանսական կոմիտեի մարտի 23-ից 24-ը անցկացված նիստի արձանագրությունը, ՄՀՄԻ 2015 թ. բյուջեն, ՄՀՄԻ ֆինանսական հարցերով լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նախագահին կից աշխատանքային խմբի կողմից իրականացվելիք աշխատանքների 2015-2016 թթ. ժամանակացույցը, «ՄՀՄԻ մտավոր սեփականության ոլորտում քաղաքականության դրույթների մասին» նախագիծը: Նստաշրջանի ընթացքում հաստատվել են նաև ՄՀՄԻ 2014 թվականի ֆինանսատնտեսական գործունեության աուդիտորական ստուգումների արդյունքները: Որոշվել է ՄՀՄԻ անդամ-պետությունների անդամավճարների հաշվարկման նոր մեթոդաբանության լրամշակված տարբերակի հաստատումը հետաձգել մինչև ս.թ. նոյեմբերին կայանալիք նստաշրջանը:
Առաջարկվել է ՄՀՄԻ անդամ-պետությունների կառավարությունների լիազոր ներկայացուցիչների կոմիտեի հաջորդ նստաշրջանն անցկացնել 2015 թ. նոյեմբերի 20-ից 21-ը:
Դուբնա այցի շրջանակներում Ս. Հարությունյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ա. Շումիլինի հետ և քննարկել է հայ-բելառուսական համագործակցության խթանմանն ու հետագա զարգացմանն ուղղված քայլերը: Բելառուսի Հանրապետության գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի նախագահ Ա. Շումիլինի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ս.թ. հունիսի 10-ից 20-ը Հայաստան այցի և գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում հայ-բելառուսական համատեղ ծրագրերի իրականացմանն ուղղված քայլերի քննարկման համար: