ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Թեմը կաջակցի հայագիտական հետազոտությունների իրականացմանը

24.02.2016

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը փետրվարի 21-23-ը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերով Մոսկվայում մասնակցել է Կոմիտեի և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի միջև հայագիտական հետազոտությունների ոլորտում համագործակցության հուշագրին առնչվող առաջիկա անելիքների շուրջ քննարկումներին:

Այցի շրջանակներում քննարկվել են հայագիտական հետազոտությունների ոլորտում համագործակցության խնդիրները, առաջարկվել են լուծման ուղիներ: Գիտակցելով հայագիտական հետազոտությունների բացառիկ կարևորությունը` որպես պետական քաղաքականության գերակա ուղղություն, որոշվել է աջակցել ոլորտում հրատապ հիմնարար և կիրառական խնդիրների լուծմանը և համատեղ ֆինանսավորել գիտական 6 ծրագիր:

Որոշվել է նաև իրականացնել երիտասարդ մասնագետների փոխանակման 3 ծրագիր: Արդյունքում՝ երիտասարդ մասնագետները Մոսկվայի, Սանկտ Պետերբուգի, Նախիջևանի, Ռոստովի հայագիտական արխիվներն ուսումնասիրելու նպատակով կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն:

2016 թ-ի ընթացքում նախատեսվում են նաև կազմակերպել համատեղ գիտաժողովներ` նվիրված Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի 300-ամյակին:

Հարկ է նշել, որ 2016 թ. հունվարի 19-ին Գիտության պետական կոմիտեի և Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի միջև կնքվել է հայագիտական հետազոտությունների ոլորտում համագործակցության մտադրությունների հուշագիր, որով նախատեսվում է խրախուսել հայաստանյան և ռուսաստանյան գիտնականների և գիտական խմբերի միջև համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը հայ պատմագիտության, բանասիրության, արվեստագիտության, ազգագրության, սոցիոլոգիայի, իրավագիտության և այլ ոլորտներում: Համագործակցության շրջանակներում կֆինանսավորվեն Գիտության պետական կոմիտեի կողմից անցկացվող մրցույթով ֆինանսավորման երաշխավորված գիտահետազոտական ծրագրերը, կողմերը կաջակցեն հայագիտության արդի հարցերին նվիրված գիտաժողովների, գիտագործնական հանդիպումների, ամառային դպրոցների անցկացմանը: Հուշագրի շրջանակներում Թեմը կաջակցի նաև անհատ գիտնականներին՝ կրթաթոշակների տրամադրման կարգով:


Համաձայնագրով կարևորվում է նաև միջազգային չափանիշներին համապատասխանող հայալեզու և օտարալեզու  հայագիտական պարբերականների հրատարակման և համացանցով տարածման, ինչպես նաև հայագիտական բովանդակությամբ բազմալեզու կայքերի ստեղծման անհրաժեշտությունը:

 

Հանդիպման վերաբերյալ տեսանյութը՝ ստորև:

 

ՀՀ ԿԳՆ ԳՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին