ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կյանքից հեռացել է Հրաչյա Թամրազյանը

05.09.2016

Խոր վշտով տեղեկացնում ենք, որ 2016 թ. սեպտեմբերի 3-ին ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Հրանտի Թամրազյանը:

Հրաչյա Թամրազյանը ծնվել է 1953 թ-ի դեկտեմբերի 5-ին Երևանում։ Ավարտելով ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը՝  1977 թ. աշխատանքի է անցել Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ Իր արդյունավետ գիտակազմակերպչական գործունեության ընթացքում Հրաչյա Թամրազյանը զբաղեցրել է «Սովետական գրող» հրատարակչության գլխավոր խմբագրի, «Նաիրի›› հրատարակչության տնօրենի, ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետի պաշտոնները, 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ տեղեկատվության նախարարությունը։ Մատենադարանի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից։ 

Բանասիրական գիտությունների դոկտոր, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանը բազմաթիվ մենագրությունների, գիտական հոդվածների ու ուսումնասիրությունների հեղինակ է։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են միջնադարագիտության՝ մասնավորապես նարեկացիագիտության բնագավառին։

Գիտության պետական կոմիտեն  ցավակցում է Թամրազյանների ընտանիքին և հարազատներին: Կոմիտեն բարձր է գնահատում Հրաչյա Թամրազյանի գիտակազմակերպչական գործունեությունն ու գիտության ոլորտի զարգացման գործում նշանակալի ավանդը:

Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-20.00-ն Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը  12.00-14.00-ին Մատենադարանի ճեմասրահում:

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե