ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մամուլի ասուլիսում ամփոփվեցին պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի արդյունքները

09.03.2011

Մարտի 9-ին Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցավ  ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման մրցույթի արդյունքների ամփոփումը» թեմայով:

 

Պարոն Հարությունյանը լրագրողներին տեղեկատվություն տրամադրեց 2010 թ. հոկտեմբերի 20-ին հայտարարված մրցույթի պայմանների, մասնակիցների, գումարի չափի, թեմաների ընտրության ժամանակ կիրառվող փորձաքննության մասին:

 

Մրցույթով նախատեսվում է մինչև 2 տարի տևողությամբ դրամաշնորհներ տրամադրել 2-5 անձից (ներառյալ ղեկավարը) բաղկացած գիտահետազոտական խմբերին՝ ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար:

 

Մրցութային ծրագրի համար հատկացված ընդհանուր գումարը կազմում էր 686 մլն դրամ:  Գումարի մոտ 17%-ը հատկացվել էր ֆիզիկային, 12%-ը-կենսաբանությանը, 8.5%-ը՝ գյուղատնտեսությանը, 4.5 %-ը՝ բժշկագիտությանը, 4.5%-ը՝ հումանիտար գիտություններին, 14%-ը հայագիտությանը եւ սոցիալական գիտություններին:

 

Մրցույթն անցկացվեց 3 փուլով: Առաջին՝ տեխնիկական փորձաքննության փուլում, մրցույթի համար առաջադրված պահանջները չբավարարելու պատճառով,  ներկայացված 683 գիտական ծրագրերից 142-ը դուրս մնացին:

 

Մրցույթի 2-րդ փուլում տեխնիկական փորձաքննություն անցած 541 ծրագրերը ենթարկվեցին  գիտական փորձաքննության: Ծրագրերի գիտական փորձաքննությունն անցկացնելու նպատակով ԳՊԿ-ի կողմից ձեւավորվել է փորձագետների բազա, որում ընդգրկվել են հայաստանյան եւ արտասահմանյան գիտնականների տվյալներ: Այս մրցույթի փորձաքննությանը մասնակցեցին հեղինակավոր գիտնականներ Հայաստանից եւ մոտ 80 գիտնական 13 այլ պետություններից՝ ԱՄՆ, Կանադա, Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա, Իսպանիա, Բելառուս եւ այլն:

 

Գիտական փորձաքննության արդյունքում ՀՀ ԿԳ նախարարի հրամանով ստեղծված 6 մասնագիտական փորձագիտական խորհուրդներում հաստատվել են 95 գիտական ծրագրեր:

 

Մրցույթի 3-րդ փուլը արդյունքների բողոքարկման փուլն է:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին