Մտադրությունների հուշագիր` ՀԱՊԿ ինստիտուտի հետ
Մայիսի 16-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ինստիտուտ» Հայաստանի ազգային ներկայացուցչության միջև ստորագրվել է համագործակցության մասին մտադրությունների հուշագիր: Հուշագիրը ստորագրել են Գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը և «ՀԱՊԿ ինստիտուտ» Հայաստանի ազգային ներկայացուցչության տնօրեն Ն. Թորոսյանը:
Հուշագրով կողմերը նպատակ ունեն համագործակցել` աջակցելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գիտահետազոտական ծրագրերի իրականացմանը: Հուշագրի շրջանակներում Գիտության պետական կոմիտեն և Հայաստանի ազգային ներկայացուցչությունը նախատեսում են համատեղ անցկացվող մրցութային ծրագրերի շրջանակներում ֆինանսավորել շրջակա միջավայրի անվտանգության, այդ թվում` բնօգտագործման, գեոէկոլոգիայի և մի շարք այլ ուղղվածության խնդիրներին նվիրված գիտական ծրագրեր: Կողմերը նաև կաջակցեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ գիտական և տեղեկատվավերլուծական ծրագրերի մշակման և սեմինարների, գիտաժողովների, կլոր սեղանների, քննարկումների և այլ միջոցառումների անցկացման աշխատանքներին:
Հանդիպման ժամանակ Ս. Հարությունյանն ու Ն. Թորոսյանը հույս հայտնեցին, որ նախատեսված միջոցառումները կնպաստեն Եվրասիական տարածաշրջանում և ժամանակակից աշխարհում ռազմաքաղաքական հարցերի վերաբերյալ վերլուծությունների և հետազոտությունների իրականացմանը` որպես անվտանգության ապահովման և Հայաստանի Հանրապետության և ՀԱՊԿ այլ անդամ երկրների միջև համագործակցության խթանման գործոն:
Հուշագիրը կնքվել է ՀԱՊԿ ստեղծման 25-ամյակին և «ՀԱՊԿ ինստիտուտ» Հայաստանի ազգային ներկայացուցչության ստեղծման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Փաստաթուղթը կնքվել է` ելնելով հավաքական անվտանգության պահպանման վերաբերյալ տեղեկատվության տարածման անհրաժեշտությունից, ինչպես նաև` հաշվի առնելով ՀԱՊԿ ինստիտուտի` հասարակության լայն շերտերի իրազեկմանն ուղղված գիտական և կրթական գործունեության իրականացման առաքելությունը:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին