ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ասուլիս՝ ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում

24.10.2011

Հոկտեմբերի 24-ին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի մամուլի ասուլիսը «Միջազգային գիտական եւ գիտատեխնիկական ոլորտում 2011 թ. հիմնական ձեռքբերումները» թեմայով:

 

ԳՊԿ նախագահը նախ անդրադարձավ 2011 թ. «Քենդլ» նախագծի հետ կապված իրադարձություններին: Նա նշեց, որ տարվա ընթացքում նախագծի շրջանակներում կնքվել է 3 միջազգային փաստաթուղթ՝  ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ եւ Իտալիայի ELETTRA սինքրոտրոնային կենտրոնի ներկայացուցիչների միջեւ,  կնքվել են մտադրությունների հուշագրեր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի եւ «ԴԵԶԻ»-ի (DESY-գերմանական էլեկտրոնային սինքրոտրոն), ինչպես նաեւ կոմիտեի եւ Շվեյցարիայի Պոլ Շերերի ինստիտուտի (PSI) միջեւ:

 

Նշված կենտրոնների հետ  պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա 2-3 տարիների ընթացքում կազմակերպել  երիտասարդ մասնագետների վերապատրաստման ծրագրեր նշված գիտական կենտրոններում, հայ եւ գերմանացի գիտնականների գիտագործնական հանդիպումներ, փորձագետների փոխանակում, համատեղ հետազոտությունների իրականացում, երիտասարդ գիտնականների եւ ճարտարագետների համար դասընթացների, գիտաժողովների  կազմակերպում: Համագործակցության արդյունքում  Հայաստանին հատկացվելու են գծային արագացուցչի կառուցման համար անհրաժեշտ որոշ սարքավորումներ:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ 2012 թվականի գարնանը Հայաստանում կազմակերպել հանդիպում Գերմանիայի եւ Շվեյցարիայի ներկայացուցիչների հետ:

 

Ս. Հարությունյանը նշեց, որ արդեն սկսվել է «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլը` Գերմանիայի «ԴԵԶԻ» կենտրոնի կողմից անհատույց տրված սարքավորումների հիման վրա AREAL լազերային բարձր հաճախականային գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցումը:

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 1478-Ն որոշմամբ «Քենդլ» սինքրոտրոնային լույսի աղբյուրի նախագծի հիման վրա ստեղծվող միջազգային կենտրոնին տրվել է գիտության և առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ:

 

Ասուլիսի ժամանակ ԳՊԿ նախագահը ներկայացրեց սեպտեմբերի 28-29-ը Մինսկում տեղի ունեցած  Անկախ պետությունների համագործակցության 20-ամյակին նվիրված միջազգային գիտագործնական գիտաժողովի արդյունքում հրապարակված ժողովածուում  տեղ գտած  վիճակագրական տվյալները, որոնց համար հիմք են հանդիսացել միջազգային առաջատար գիտատեխնիկական Scopus եւ Web of Science շտեմարանները:  Ըստ այդ տվյալների՝ Հայաստանը առաջատար դիրքերում է գիտության ոլորտի վերաբերյալ արվող որոշակի վիճակագրական հաշվարկներում: Եթե 1000 աշխատողի հաշվարկով որպես ցուցանիշ վերցնենք 2010 թ. հղման ինդեքսը, ապա ԱՊՀ երկրների մեջ 1-ին տեղում Հայաստանն է՝ 1558.8 (Scopus) եւ 1332.9 (Web of Science):

 

Ասուլիսի վերջում Ս. Հարությունյանը  անդրադարձավ ԳՊԿ-ի կողմից 2011 թվականին միջազգային համագործակցության արդյունքում համաֆինանսավորման սկզբունքով կազմակերպված եւ իրականացված մրցույթներին, որոնք իրականացվել են Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամի, Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Ռուսաստանյան հումանիտար գիտությունների հիմնադրամի հետ: Նա նշեց, որ այս պահին ամփոփված են Բելառուսի հետ անցկացված մրցույթի արդյունքները՝ ֆինանսավորման են երաշխավորվել  17 գիտական ծրագրեր: Հետագայում նախատեսվում են մրցույթներ Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի հետ՝ այդ թվում՝ իննովացիոն բնույթի ծրագրեր ֆինանսավորելու նպատակով:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին