Գիտության զարգացման հնարավորությունները եւ հիմնախնդիրները Հայաստանում

Սեպտեմբերի 8-ին Մամուլի ազգային ակումբում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանի մամուլի ասուլիսը՝ «Գիտության զարգացման հնարավորությունները եւ հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով:
Պարոն Հարությունյանը նախ անդրադարձավ ՀՀ վարչապետի որոշմամբ ապրիլին ստեղծված գիտատեխնիկական խորհրդին՝ լրագրողներին ներկայացնելով վերջինիս նպատակներն ու ծրագրերը:
ԳՊԿ նախագահն անդրադարձավ նաեւ «Քենդլ» միջազգային կենտրոնին: Նա նշեց, որ կենտրոնին տրվել է գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների բնագավառում ռազմավարական ազգային գերակայության կարգավիճակ, այն ստեղծվել է Հայաստանում առաջատար կիրառական գիտական հետազոտությունների երկարաժամկետ զարգացումն ապահովելու և տնտեսության գիտատար ուղղությունների համար անհրաժեշտ փորձարարական բազա ստեղծելու նպատակով:
Խոսելով Գիտության պետական կոմիտեի առաջիկա ծրագրերից՝ Ս. Հարությունյանն ընդգծեց միջազգային Springer հրատարակչության հետ համագործակցությունը: Նա նշեց, որ մոտ ապագայում հայ գիտնականները կկարողանան օգտվել այդ հզոր գիտատեղեկատվական կառույցի էլեկտրոնային գրադարանից, որում ընդգրկված է շուրջ 2000 գիտատեխնիկական ամսագիր եւ 2500 անուն գիտական այլ գրականություն:
Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին