ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ներկայացվեցին Գիտության պետական կոմիտեի 2018 թ. ծրագրերը

29.01.2018

Հունվարի 29-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի ասուլիսը կոմիտեի կողմից 2018 թ. ընթացքում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:

Սամվել Հարությունյանը մանրամասնորեն անդրադարձավ ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում ընդգրկված ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի գործունեության ոլորտին վերաբերող հիմնական միջոցառումներին:

2018 թ. ընթացքում Գիտության պետական կոմիտեում կմշակվի և ՀՀ կառավարություն կներկայացվի «Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման կարգը հաստատելու  մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը թույլ կտա գնահատել գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետությունը և ստացված արդյունքներին համապատասխան որոշել կազմակերպություններին հատկացվող պետական ֆինանսավորման ծավալները:

Սամվել Հարությունյանը նշեց, որ ներկայումս ՀՀ-ում պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի և թեմաների իրականացման մեջ ներգրավված են ընդհանուր թվով 87 գիտահետազոտական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ և բուհերի կազմում ընդգրկված մասնաճյուղեր:

ՀՀ կառավարության 2018 թվականի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների շարքում նախատեսվում է նաև «Գիտության  ոլորտի  օպտիմալացման և կառուցվածքային բարեփոխումների ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը, որը նպատակաուղղված է գիտության բնագավառի ոլորտային և միջոլորտային մոտեցմամբ օպտիմալացման և կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: Այն իրենից ենթադրում է, որ գիտական կազմակերպություններում պետք է ներդնել աշխատանքների կազմակերպման ու ղեկավարման ժամանակակից համակարգ, հստակեցնել տնօրենի և գիտական խորհրդի իրավասություններն ու պարտականությունները, սահմանափակել գիտական ստորաբաժանումների ղեկավարների և տնօրենի պաշտոններն անընդմեջ զբաղեցնելու ժամանակահատվածը, ապահովել առանձին ֆինանuատնտեuական և կազմակերպչական ինքնուրույնություն ունեցող uտորաբաժանումների գործունեությունը:

2018 թ. ընթացքում ծրագրված է նաև «Գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման ծրագրին և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը:

 Ծրագրի արդյունքում հնարավոր կլինի ներդնել երիտասարդ կադրերի ներգրավման և հաստատման մեխանիզմներ, մեծացնել երիտասարդների դերը ոլորտի զարգացման գործում, բարձրացնել գիտական աշխատողի վարկանիշը և հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մեջ գիտության նկատմամբ: Ծրագիրը կներառի տաղանդավոր երիտասարդներին գիտության ասպարեզ ներգրավումը խթանող, օտարերկրյա պետություններում աշխատող կամ բուհերում սովորող հայ երիտասարդների վերադարձին նպաստող մասնագիտական ու սոցիալական պատշաճ պայմանների ստեղծման նախադրյալներ:

Ս. Հարությունյանը նշեց, որ գիտական կադրերի արդյունավետ վերարտադրության հարցը Հայաստանի գիտության ոլորտի առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից է: Գիտության պետական կոմիտեի կողմից արդեն իսկ իրականացվում են մի շարք միջոցառումներ` ուղղված երիտասարդ գիտնականների և նրանց կողմից կատարվող հետազոտությունների աջակցմանը: Մասնավորապես, գիտական թեմաների հայտերի մրցույթների ժամանակ սահմանվել է երիտասարդ կատարողների  մասնակցության նվազագույն սահմանը, իրականացվում են ասպիրանտների և երիտասարդ գիտնականների աջակցության, բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողների խրախուսման, ինչպես նաև շարժունակության ապահովման ծրագրեր:

2018 թվականին Գիտության պետական կոմիտեում աշխատանքներ կտարվեն նաև  գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման ուղղությամբ: Նախատեսվում է մշակել  «ՀՀ գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգին և հայեցակարգի իրականացման միջոցառումների ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ, որը հնարավորություն կտա արդիականացնել և ժամանակակից գիտության պահանջներին համապատասխանեցնել հանրապետությունում գործող գիտական կադրերի պատրաստման մեխանիզմները, ապահովել բարձր որակավորում ունեցող երիտասարդ գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստումը, բարձրացնել իրականացվող գիտական հետազոտությունների և մշակումների մասնագիտական մակարդակը: Բացի այդ, այն հնարավորություն կընձեռի Հայաստանում ձևավորել ժամանակակից գիտության պահանջներին համապատասխան և եվրոպական չափանիշների հետ համադրելի գիտական աստիճանաշնորհման համակարգ, ինչը կնպաստի Եվրոպական գիտական, գիտակրթական և գիտատեխնիկական տարածք ընդգրկվելուն:

Գիտության պետական կոմիտեի նախագահը  նշեց, որ ներկայացված հիմնական միջոցառումներից  բացի, շարունակվելու է կոմիտեի ընթացիկ ծրագրերի իրականացումը. կազմակերպվելու են ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովին  կից  ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի քարտուղարության աշխատանքները, իրականացվելու է գիտական կազմակերպությունների հերթական անձնագրավորումը, աշխատանքներ են տարվելու միջազգային համագործակցության խթանման ուղղությամբ, շարունակվելու է ՔԵՆԴԼ և ՑԻԿԼՈՆ-1818 մեգածրագրերի ֆինանսավորումը, և այլն: 2018-ին նույնպես կազմակերպվելու են գիտական թեմաների ընտրության ներպետական և միջազգային մրցույթներ: Սամվել Հարությունյանը հայտնեց, որ  այս պահին հայտարարված են թեմատիկ (պայմանագրային) ֆինանսավորման ծրագրերի և առավել բարձր արդյունավետությամբ աշխատող 100 գիտնականների մրցույթներ:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին