Հանդիպում ՄԳՏԿ ղեկավարության հետ
Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահն ընդունեց Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի ղեկավարությանը` գործադիր տնօրեն Դևիդ Կլիվի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ԳՊԿ նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը, աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը, ՄԳՏԿ փոխտնօրեն Այդին Տուրեբաևը, ՄԳՏԿ հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Համլետ Նավասարդյանը:
Կոմիտեի նախագահը ողջունեց հյուրերին` հատուկ անդրադառնալով հետխորհրդային շրջանում ՄԳՏԿ միջոցով կատարվող ներդրումների կարևորությանը Հայաստանի գիտական հանրության համար: Կոմիտեի նախագահը նշեց. «Այսօր իրավիճակն էապես փոխվել է. ՀՀ-ում գիտության ոլորտում իրականացվել են բարեփոխումներ, կնքվել են միջազգային համագործակցության շուրջ 40 պայմանագրեր, այսօր Հայաստանը գիտության ոլորտում լուրջ դերակատարում ունի տարածաշրջանում:»:
Հանդիպման ընթացքում քննարկված հիմնական թեմաներն էին ՄԳՏԿ ծրագրերի բովանդակային փոփոխությունները, համատեղ ծրագրերը, գիտական ծրագրերի բնագավառները և ֆինանսավորման մեխանիզմները, ծրագրերի հետագա առևտրայնացման հարցերը:
Կոմիտեի նախագահը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը գիտակցում է գիտական ծրագրերը համաֆինանսավորման սկզբունքով իրականացնելու կարևորությունը և իր պատրաստակամությունն է հայտնում որոշակի չափաբաժնով ծրագրերի ֆինանսավորմանը մասնակցելու մասով:
Ինչպես նշեց ՄԳՏԿ գործադիր տնօրեն Դ. Կլիվը, ՄԳՏԿ կազմից Ռուսաստանի դուրս գալուց հետո առաջացել էին որոշակի խնդիրներ, որոնք այժմ գտել են իրենց լուծումները. իրականացվել են կանոնադրական որոշակի փոփոխություններ, մշակվել են գործունեության զարգացման ծրագրեր, մասնավորապես` նախատեսվում է դեկտեմբերից ՄԳՏԿ ծրագրերի ֆինանսավորման նոր փուլի սկիզբ: Ստեղծվելու են աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն ՄԳՏԿ նոր կանոնադրության և զարգացման ռազմավարության խնդիրները: Նախատեսվում է կազմակերպել նաև PR ակցիաներ` ՄԳՏԿ գործունեությունը` անցած ուղին և ապագա ծրագրերը, կենտրոնի կազմում չներառված պետություններին ներկայացնելու նպատակով:
ԳՊԿ նախագահն իր հերթին նշեց, որ ժամանակն է ֆինանսավորման երաշխավորել նաև ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում` տարածաշրջանային կարևորության ծրագրեր, մասնավորապես` լաբորատորիաների ստեղծում, երիտասարդների համար ծրագրեր:
Հայկական կողմն առաջ քաշեց Հայաստանի երիտասարդ գիտնականների համար արտերկրում հետդոկտորանտուրա անցնելու ՄԳՏԿ ծրագիր իրականացնելու խնդիրը, որը ենթադրում է. ծրագրում ներգրավված երիտասարդները մեկնում են պայմանագրով և պայմանով, որ հետագայում վերադառնալու և որոշակի ժամանակ աշխատելու են Հայաստանում:
Պարոն Հարությունյանը հաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՄԳՏԿ հետ` կնքելով նոր պայմանագիր:
Առաջարկվեց նաև անցկացնել ՄԳՏԿ սեմինարներ` նվիրված գիտական արդյունքի առևտրայնացմանն ու ինովացիային, ՄԳՏԿ գործառույթներին և խնդիրներին:
Հանդիպման վերջում կոմիտեի նախագահն առաջարկեց ՄԳՏԿ կառավարման խորհրդի 2016 թվականի հանդիպումներից մեկն անցկացնել Երևանում:
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին