ԳԱԱ-ում մեկնարկել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը
Ապրիլի 29-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը ՀՀ ԳԱԱ-ում մասնակցել է «Գիտության և տեխնոլոգիաների մերձեցում» խորագրով գիտաժողովին:
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից` ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի օժանդակությամբ։
Գիտաժողովի նպատակն է խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի գիտության և արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը` ստեղծելով համապարփակ հարթակ գիտելիքահեն էկոհամակարգի ձևավորման համար:
Գիտաժողովին մասնակցում էին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ ԳԱԱ նախագահության, շահագրգիռ գիտական կազմակերպությունների, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներ, ուսանողներ, ձեռնարկատերեր:
Կոմիտեի նախագահը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին, մասնավորապես նշելով. «Հատկանշական է, որ նման թեմայով գիտաժողով է կազմակերպվում Հայաստանում, և ողջունելի է, որ կազմակերպողը ոլորտի առաջատար գիտական կազմակերպություններից է` ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում խիստ կարևորվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումները: Բազմաթիվ ընկերություններով և միջազգային որակի մասնագետներով տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների բնագավառը հանդիսանում է Հայաստանի արդյունաբերության բարձր հավելյալ արժեք ստեղծող և ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը» (ողջույնի խոսքն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ):